Վերջին մեկ տարում Թուրքիայում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Հարձակումների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ չկատարվելու պատճառով հնարավոր չի եղել խուսափել մեծ թվով մարդկանց կորստից: Յուրաքանչյուր հարձակումից հետո իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հայտնել եւ տեսանյութեր հրապարակել, սակայն դա բոլորովի ն էլ չի խոչընդոտել պատկան մարմինների անփութության, անտարբերության եւ անբարեխղճության դրսեւորմանը:
Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հանգստության, վստահության եւ կայունության» մասին ամենօրյա հայտարարություններին, ցավալի ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շարունակվում են:
Թերթը թվարկել է 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչ այժմ Թուրքիան արյան դաշտի վերածած ահաբեկչական հարձակումները:
2015 թվականի օգոստոսի 10-ին ավտոմեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված, Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում պայթեցվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ. մեկ ոստիկան սպանվել, 10 մարդ վիրավորվել էին:
2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի դիմաց «հաշտության» հանրահավաքի ժամանակ երկու ռումբերի պայթելու հետեւանքով 95 հոգի սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:
2015 թվականի դեկտեմբերի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհա Գյուքչեն օդանավակայանում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Հարձակման հետեւանքով սպանվել էր երկու երեխաների մայր հավաքարարը, մեկ մարդ էլ վիրավորվել էր:
Անկարայում ընթացիկ տարվա հինգ ամսում 3 ահաբեկչական գործողություն է կատարվել:
2016 թվականի փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի, խորհրդարանի եւ ուժային կառույցների հրամանատարության շենքերի մոտ 5 զինվորական ավտոմեքենաներ անցնելու պահին ահաբեկչական հարձակման հետեւանքով սպանվել էր 28, վիրավորվել 61 մարդ:
2016 թվականի մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ թաղամասում ռումբով բեռնված ավտոմեքենայով իրականացված հարձակման ժամանակ սպանվել է 34, վիրավորվել 125 մարդ:
2016 թվականի մարտի 19-ին Ստամբուլի Իստիքլալ պողոտայում Բեյօղլուի կայմակամության շենքի առաջ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել, 37-ն էլ ծանր վիրավորվել են:
Հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր վայրում ռմբային հարձակման հետեւանքով 11 մարդ սպանվել, 36-ն էլ վիրավորվել են:
2015 թվականի հունիսի 20-ին Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում մահապարտի ինքնասպանությամբ հարձակման ժամանակ սպանվել է 34 մարդ, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել: Այս երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:
Վերջին ահաբեկչական գործողությունը Թուրքիայում տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի շենքում: Երեք մահապարտներ գիշերվա ժամը 02:55-ին իրար ետեւեից պայթեցրել են իրենց: Վերջին տվյալներով 36 մարդ սպանվել, 147 մարդ վիրավորվել են:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ահաբեկչությունն իրագործել են ԻՊ-ի մարտիկները:



