Նուբար Աֆեյանի մասնակցությամբ քննարկվեց Հայաստանում ստեղծված «հոգևոր-հոգեբանական» վերականգնման նոր մոտեցումը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» (Armenian Spiritual Revival Foundation) հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Ամոքելով ապագան. հոգեւոր-հոգեբանական մեթոդը գործնականում» խորագրով, որին մասնակցում էր հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար և ձեռներեց դոկտոր Նուբար Աֆեյանը տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ։
Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված Հիմնադրամը 2022թ ի վեր, համագործակցելով հայաստանյան ու միջազգային առաջատար մասնագետների հետ, հոգեբանության, պատմության, մշակույթի և հոգևոր արժեքների համադրությամբ ստեղծել է նորարար մի ծրագիր՝ ուղղված կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքների վերականգնմանը։
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, միջազգային և հայաստանյան հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, անվանի գիտնականներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Ըստ Նուբար Աֆեյանի՝ այս նախաձեռնության արմատները գալիս են իր այլ հաջողված ծրագրերից՝ ի դեմս «Ավրորա մարդասիրական նախաձեռնության», որն այս տարի տոնում է իր գործունեության 10- ամյակը։ Եվ այս առումով, ըստ նրա, «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գործունեությունը հումանիտար աջակցման ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է անել հաջորդ քայլը այնտեղ, որտեղ մարդիկ անցում են կատարում գոյատեւումից դեպի ամոքում ու զորացում։
Ներկաների հետ քննարկվեց հիմնադրամի առաքելությունն ու ծրագրային ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ու ազդեցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնահերթությունները, Հիմնադրամի գլոբալ ծրագրերը և մասնակից գիտնականների ու փորձագետների արձագանքները։
Հոգևոր-հոգեբանական վերականգնման նորարարական ծրագրին ու դրա արդյունքներին նվիրված աշխատանքային ճաշը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի հոգեբանների միության կողմից կազմակերպված «Current Issues in Theoretical and Applied Psychology» 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։
Հիմնադրամի 2022-2025թթ. գործունեության արդյունքների մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հոգևոր հոգենբանական առաջին ծրագրերի հակիրճ պատմությունը» գրքույկում։
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։
Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































