Ինչպե՞ս է ստացվում կարամելը. «շաքարաքլորից» մինչև բազմատեսակ կոնֆետներ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿարամել լատիներենից թարգմանաբար նշանակում է «շաքարաքար»: Այդ հրուշակեղենային արտադրատեսակը (կամ դրա բաղադրիչը) ստացվում է շաքարի լուծույթը եռացնելով կամ շաքարավազը տաքացնելով և դրան որևէ օշարակ կամ օսլա ավելացնելով: Կարամելի պատմությունը սկսվել է հնում: Ճիշտ է՝ այն ժամանակ եղել են միայն կարամելին որոշակիորեն նմանվող ապրանքներ:
Օրինակ՝ հնդկական հին քաղցրասերները վայելել են կրակի վրա տապակած շաքարեղեգի ցողունը: Շաքարը, որը հիմնականում օգտագործվում է կարամել պատրաստելու համար, միջնադարում համարվել է բավականին թանկ ապրանք (անգամ՝ ավելի ուշ ժամանակներում), և վայելելու, համտեսելու հնարավորություն են ունեցել միայն հարուստ մարդիկ:
Որոշ երկրներում (Ամերիկա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն) կարծում են, որ հենց իրենք են առաջին անգամ հորինել կարամելը և դարձել այդ ապրանքի մասսայական արտադրության հիմնադիր:
Ներկայումս արդեն վստահորեն կարելի է պնդել, որ, լայն իմաստով, այդ տեխնոլոգիան մեծ ժողովրդականություն է սկսել վայելել միայն 14 - 16-րդ դարերում: Ֆրանսիայում և Ռուսաստանում կարամելը տարածված է եղել սառնաշաքարի տեսքով՝ փայտիկի վրա:
Ֆրանսիայում այդ օրերին նման կոնֆետները շքեղություն էին, և այն ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ համտեսել: Այնուամենայնիվ, «շաքարանապաստակները», «շաքարաքլորները» և «շաքարատները» Ռուսաստանում դարձել են ազգային գանձ: Հետագայում ևս՝ ԽՍՀՄ-ի ժամանակներում, մանուկների ամենասիրած քաղցրավենիքը եղել է հենց «շաքարաքլորը», որն, ի դեպ, մարդիկ անգամ տնային պայմաններում են պատրաստել: Իսկ ահա առաջադեմ Անգլիայում միայն 18-րդ դարում են սկսել վաճառել սառնաշաքարներ: Գերմանացի դեղագործ Կարլ Սոլդան առաջինն է եղել կարամելի պատմության մեջ, որը շաքարի քաղցրությունը համատեղել է դեղաբույսերի օգտակարության հետ:
Նրա դուստրը, որը հիվանդացել էր 1899 թվականին, կտրականապես հրաժարվել էր դառը դեղախառնուրդներ խմել, և Սոլդան ստեղծել է բուժիչ քաղցրավենիք: Երբ միայն ծնվում էր կարամելի արտադրությունը, օգտագործվել են պղնձի կաթսաներ: Դրանց մեջ կրակի վրա տաքացրել են շաքարավազն ու ջուրը:
Ջերմաչափով անընդհատ չափվել է տաքացվող զանգվածի ջերմաստիճանը, և համապատասխան ջերմաստիճանի հասնելուց հետո այն լցվել է կա՛մ կաղապարների մեջ, կա՛մ մարմարե հարթության վրա, այնուհետև կտրվել մասերի:
Մեր ժամանակներում կարամելի ստացման գործընթացը լիովին ավտոմատացված է և ոչ մի կապ չունի միջնադարի տեխնոլոգիայի հետ: Ամեն տեսակի քաշող, պատրաստող, տրամաչափող, վերամշակող, հովացման և այլ բազմաթիվ հաստոցներ գոյություն ունեն կարամելի արտադրության ընթացքում օգտագործելու համար, և այդ ամենի շնորհիվ ներկայումս կարելի է ստանալ բազմատեսակ կարամելային արտադրանք:
Այնուամենայնիվ, ներկայումս էլ, շնորհիվ ֆրանսիացի վարպետ հրուշակագործների, նույնիսկ արտադրության լիարժեք ավտոմատացման պայմաններում, երբ օգտագործվում են նորանոր բաղադրատոմսեր՝ օսլա օշարակ և ինվերտ օշարակ, կարամելի արտադրության մեջ դեռևս առկա է ձեռքով աշխատանքի միտում:




















































