Նախանշաններ, որ առաջ շարժվելու ժամանակն է
ЛАЙФ
Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դուք գոհ եք ձեր կյանքից եւ իսկապես վայելում եք այն, այնուամենայնիվ շարունակեք ընթերցել այս հոդվածը: Ներկայացնում ենք այն նախանշանները, որոնք հուշում են ձեզ կենսակերպը փոխելու եւ առաջ շարժվելու մասին։
1.Դուք շատ ժամանակ եք ծախսում` մտածելով, որ այնքան էլ լավը չեք
Հրաժարվեք ձեզ սահմանափակող մտքերից։ Մի մտածեք, թե ինչ կարող եք անել, իսկ ինչ` ոչ, թե ձեզ համար ինչն է հնարավոր, ինչը` ոչ այնքան: Թույլ մի տվեք, որ նման սահմանափակումները ստիպեն ձեզ տեղում դոփել, հատկապես եթե այդ տեղը բոլորովին էլ այն չէ, որտեղ կուզեիք լինել: Եթե իդեալական ժամանակի եք սպասում ձեր երազանքների ու նպատակների ուղղությամբ քայլ անելու համար, մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակը երբեք չի գա: Դուք ձեզ երբեք 100%-ով պատրաստ չեք զգա:
2. Դուք անընդհատ փորձում եք արդարացնել ձեզ շրջապատողների ակնկալիքները
Շատ, նույնիսկ չափից շատ մարդիկ բոլորովին էլ իրենց կյանքով չեն ապրում: Նրանք ապրում են այն կյանքով, որ ուրիշներն են ընտրել իրենց համար` բնականաբար բարիք ցանկանալով նրանց: Այս մարդիկ ապրում են բարի կամեցող ծնողների, ընկերների, ուսուցիչների, կառավարության, թերթերի ընտրած կյանքով. ում ասես, բայց ոչ իրենց: Նրանք անտեսում են իրենց ներքին ձայնն ու ինտուիցիան: Նրանք այնքան զբաղված են ուրիշներին հաճոյանալով, որ լրիվ կորցնում են վերահսկողությունը սեփական կյանքի նկատմամբ: Նրանք մոռանում են, թե ինչն է իրենց երջանկություն բերում, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում... եւ վաղ թե ուշ մոռանում են հենց իրենց: Դուք միայն մի կյանք ունեք` այն, որով այժմ ապրում եք: Ուրեմն ապրեք այդ կյանքով: Եղեք ձեր կյանքի տերը: Եվ ամենակարեւորը` ուրիշներին թույլ մի տվեք ձեզ շեղել ճիշտ ուղուց:
3. Դուք անընդհատ բողոքում եք կյանքից
Մարդկանցից, իրավիճակներից, դեպքերից եւ ամեն ինչից անընդհատ բողոքելու ձեր մշտական ցանկությունը ոչ մի դրական արդյունքի չի բերի: Այն կարող է միայն մի բան անել` ձեզ դժբախտ դարձնել ու դեպրեսիայի մեջ գցել: Հիշեք, ոչ մեկը եւ ոչ մի բան չի կարող ձեզ դժբախտացնել: Եթե իհարկե դուք նրանց թույլ չտաք անել դա: Որովհետեւ այդ զգացումը ձեր մեջ առաջացնում է ոչ թե իրավիճակը, այլ թե ինչպես եք արձագանքում դրան։ Այո, հեշտ չէ ընդունել դա, բայց հենց այդպես է: Ձեր կյանքն այնպիսին է, ինչպիսին որոշում եք տեսնել այն: Երբեք չարժե թերագնահատել դրական մտքերի (եւ դրական գործողությունների) ուժը:
4. Դուք սովորություն եք դարձրել ում ասես մեղադրելու, ձեզնից բացի
Վերջ տվեք ուրիշներին մեղադրելուն նրա համար, ինչ դուք ունեք կամ չունեք, այն զգացմունքների համար, որ ունեք կամ չունեք: Հերիք է ձեր խնդիրները թողնեք ուրիշների ուսերին, վերջապես պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար: Կամ դուք կհաղթահարեք այդ խնդիրները կամ այդ խնդիրները կհաղթահարեն ձեզ: Եվ վերջ:
5. Դուք ավելի շատ կենտրոնացած եք չձախողվելու, քան հաջողության հասնելու վրա
Դուք սովորել եք գորշությանը: Ձեզ բավականաչափ հարմարավետ եք զգում, նույնիսկ եթե չեք փորձում ինչ-որ բան անել: Չէ որ այդպես անվտանգ է: Անհամեմատ ավելի հեշտ է զրուցել նոր հմտություններ ձեռք բերելու մասին, քան իրականում յուրացնել դրանք: Դուք համարում եք, որ ամեն ինչի սկիզբը չափազանց բարդ է ու դժվար եւ որոշում եք սպասել, մինչեւ ավելի հեշտ լինի, կամ էլ «ինչ-որ մի օր» զբաղվել դրանով: Կարող եք ատել ձեր աշխատանքը, բայց նույնիսկ չեք մտածի այն թողնելու ու նորը գտնելու մասին, իսկ եթե չստացվի՞: Հերիք է: Տեղում նստելու, ոչինչ չանելու եւ անհաջողության մատնվելու փոխարեն, գործով զբաղվեք: Փորձեք, սխալվեք, պայքարեք, ընկեք ու նորից բարձրացեք որքան հնարավոր է շատ ու հաճախ: Հաջողության հասնելու ձեր ցանկությունը պիտի հաղթահարի ձախողվելու ձեր վախը: Որովհետեւ եթե չափից շատ եք վախենում սխալվելուց, ի վիճակի չեք լինի անել այն, ինչը ձեզ կօգնի հաջողության հասնել:
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































