Ղրղզստանում խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ
МЕЖДУНАРОДНОЕՂրղզական աղմկոտ նախընտրական պայքարը վերջապես իր հանգուցալուծումն ստացավ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում, 55% ձայների առավելությամբ, հաղթել է գործող նախագահի աջակցությունը վայելող էքս–վարչապետ, Սոցիալ–դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը: Ճիշտ է՝ վերջինիս մրցակից նավթային մագնատը՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովը, անմիջապես էր կասկածի տակ առել այդ հաղթանակը՝ նշելով, որ ընտրություններն անցել են ընդդիմախոսների ճնշման պայմաններում և հատկապես իր անունը սևացնելու տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց արդեն երկուշաբթի օրը Բաբանովը նույնպես հրապարակավ ընդունեց իր պարտությունը: Բնականաբար, այս փաստն ուրախացրեց Ժեենբեկովին, որը հայտարարեց, թե՝ «Ղրղզստանը աշխարհին ցույց տվեց իր ինքնիշխան, ժողովրդավարական պետություն լինելը», և, որ՝ «այստեղ միայն ժողովուրդն է ընտրում իր երկրի ապագան»:
Ուղիղն ասած՝ ղրղզները գլուխ գովելու առիթ ունեն. հետսովետական տարածքում և հատկապես միջինասիական երկրներում, 1–ին անգամ է, որ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը հրաժարվեց փոխել Սահմանադրությունը՝ 2–րդ անգամ վերընտրվելու նպատակով, հայտարարեց, որ չի հավակնում նույնիսկ վարչապետական աթոռին և նոր ընտրությունների արդյունքում իշխանությունը կամովին մեկ այլ մարդու հանձնեց: Արտառոց մի փաստ, որով Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև՝ կարկանդակի միջուկի պես սեղմված փոքրիկ, ոչ հարուստ այս երկիրն ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց: Թեպետ՝ ուշադրություն գրավելու մեկ այլ առիթ էլ կար, որ արտահայտվեց ընդդիմադիր թեկնածուի ղազախական այցով ու նախագահ Նազարբաևից ակնկալվող օգնության խնդրանքով, այդ պատճառով լարված ղազախա–ղրղըզական հարաբերություններով և ամենևին չբացառվող պետական հեղաշրջման սցենարով:
Ըստ արդեն նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հովանավորվող նավթային մագնատ Բաբաևը, որն այս ընթացքում ավելի մեծ գումարներ ծախսեց (մոտ 3 մլն դոլար), քան իշխանության հավանությունն ստացած թեկնածուն, հենց նման նպատակ էր հետապնդում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ նախագահության համար այստեղ 11 այլ թեկնածուներ էլ էին պայքարում, այս տարածաշրջանի համար անօրինակ դրության ողջ պատկերը լիովին կամբողջանա:
Ինչ վերաբերում է Նազարբաևի հասցեին՝ Աթամբաևի սուր քննադատության արդյունքում ձևավորված լարված հարաբերություններին, այստեղ արդեն անսպասելի ոչինչ չկար: Բնական է, որ հատկապես Ղրղզստանի նախագահի հայտնի ելույթից հետո, որում Աթամբաևը Նազարբաևին մեղադրեց իր երկրի գործերին խառնվելում և սեփական արատավոր բարքերը Ղրղզստան ներմուծելում, Աստանան պիտի կոշտ պատասխան տար: Վերջինս նախ՝ խստացրեց Ղրղզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց անցակետերում մինչ օրս շարունակվող մարդկային ահռելի կուտակումներին, մամուլը գրում է Բիշքեկի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք, Աստանան կշարունակի ճնշել Բիշթեկին, թե՝ հարաբերությունները եղբայրության ու բարեկամության նախկին հուն կվերադառնան:
Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



