Ծանոթ հարիսայի պատմության անծանոթ էջերը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարիսան հայկական ազգային կերակրատեսակ է։ Այն պատրաստելու համար ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը կճուճի մեջ թոնրում եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ, երբեմն նաև համեմունքներ։ Հնում համարվել է ծիսական ու տոնական կերակուր, և պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն), կերել են մեծամասամբ կիրակի առավոտյան, ինչպես, ի դեպ, խաշը։
Հարիսան համարվել է Նավասարդյան ուտեստ: Այն ամբողջ գիշեր եփել են Նավասարդ ամսի մեկին (օգոստոսի 11), երբ հայերը համաժողովրդական տոնախմբությամբ նշել են Նոր տարին: Հարիսան ծիսական ուտեստ լինելուց բացի նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Այդ շիլայանման ուտեստը եղել է հայոց բանակի հիմնական ուտեստներից մեկը, քանի որ շատ սննդարար է և ունի օգտակար հատկություններ:
Բացի դա, հայերը ռազմական հաղթանակները նշել են հենց հարիսայի սեղանների շուրջ: Այս ամենից բացի, այն նաև առօրյա սննդակարգում է եղել շատ հարգի: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար է և դժվար: Միսը ձավարի հետ լավ եփում են` անընդհատ հարելով փայտե թիակով, մինչև համասեռ զանգված ստացվի, որից էլ առաջացել է ուտեստի անվանումը` հարիսա: Մատուցելիս ավելացվում է յուղ: Հարիսան Հայաստանի տարբեր վայրերում տարբեր կերպ են պատրաստում:
Տարածված է նաև դրա մի այլ տարատեսակը` քաշիկան: Դա հարիսայի տեսակ է, որ պատրաստվում է թոնրի մեջ և պատրաստման ժամանակ չի խառնվում: Հայերը դրա մեջ խորհուրդ են դրել: Ամանորյա հարիսան չի կարելի խառնել, որպեսզի նոր տարին խառնակ չլինի և խաղաղություն տիրի:
Հարիսայի հետ կապված նաև ավանդապատումներ կան: Ըստ դրանցից մեկի, երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապից դուրս է եկել, մտել է Վաղարշապատ և վաթսուն օր շարունակ քարոզ կարդացել տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսել են նրան։
Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին ձավար, յուղ ու ոչխարներ բերել։ Ապա մորթել է տվել ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ դրել կրակին և միսն ու ձավարը լցրել մեջը։ Այնուհետև հրամայել է շիլա պատրաստողներին խառնել կաթսայում եղածը, այսինքն՝ հարել շիլան։
Ըստ այդ ավանդության, հենց այսպես էլ առաջացել է հարիսա անվանումը։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ հայերը այդ շիլան եփել են նաև նախաքրիստոնեական շրջանում, և, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ էլ է այն կոչվել հարիսա, այսինքն՝ հարված:
Հարիսան, որպես ուտեստ, մեծ դեր է խաղացել Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ, քանի որ լեռան լանջին պաշտպանվող մուսալեռցիները, բացի ցորենից ու գառան մսից, ուտելու ուրիշ ոչինչ չեն ունեցել: Եվ հարիսան փրկել է նրանց:
Ներկայիս Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրն այստեղ հարիսա են եփում և նման կերպ նշում Մուսա լեռան հաղթական ինքնապաշտպանությունը: Հարիսան եփելու իրավունք ունի միայն 14 մուսալեռցի ընտանիք, և այդ իրավունքը ժառանգաբար անցնում է հորից որդուն:
Վերջին շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարիսան ճանաչել է որպես թուրքական ազգային կերակուր: Սա արդեն գնահատվել է որպես սխալ որոշում, որովհետև հայերը հարիսա են եփել դեռ այն ժամանակ, երբ թուրքերը դեռ որպես ազգ ձևավորված չեն եղել:
Բացի դա, նրանք չեն կարող հարիսա ունենալ, քանի որ նրանց ծանոթ չի եղել հացահատիկը, տվյալ դեպքում՝ ձավարը:




















































