Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


Հավատացյալի նման հավատում եմ բնության զորությանը

SOCIETY

Այսօր ժամը 15–ին «Բնության պահպանության պետական թանգարանում» տեղի կունենա նկարիչ Հրանտ Թադևոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Այն կրում է «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագիրը: Այդ առթիվ ներկայացնում ենք մեր զրույցը մեծ նկարչի հետ:

– Վարպե՛տ, վերջին անգամ ե՞րբ եք ցուցահանդեսով հանդես եկել, ձեր գործերը ներկայացրել ժողովրդին:

– Վերջին ցուցահանդեսս սրանից չորս տարի առաջ էր՝ Չինաստանում: Իսկ Հայաստանում չեմ ունեցել, չեմ էլ մասնակցել համատեղ ցուցահանդեսների:
Այս ընթացքում հիմնականում նախապատրաստվել եմ եկող տարի 80–ամյակիս առթիվ կազմակերպվելիք ցուցահանդեսին: Այն լինելու է Պետական պատկերասրահում, ընդգրկելու է երեք մեծ սրահ: Կարծում եմ՝ 80–90%–ով կլինի նոր գործերի ցուցադրություն:
Իսկ այս տարվա աշունն այնքան բան հուշեց ինձ: Աշնանն էլ է ծառը ծաղկում, ինչպես՝ գարնանը: Եվ այդ գունագեղ բնությունը նկարելն ուղղակի հրաշալի է:

– Վարպե՛տ, հողն ի՞նչ ուժ է տալիս ձեզ: Ընդհանրապես՝ բնությունը: Դուք անընդհատ բնության մեջ եք գնում:

– Անբացատրելի զորեղ մի բան կա, որի մեկնաբանությունը ես չունեմ: Պարզապես հավատացյալի նման հավատում եմ այդ զորեղությանը: Երբ գտնվում ես բնության մեջ, ու զեփյուռը դանդաղ շոյում է էությունդ, դու տրվում ես նրան. միանգամից հանձնվում ես բնությանը:
Եվ ոչինչ այլևս չես զգում, բացի նրանից, ինչ արդեն պետք է անես: Այսինքն՝ նկարես: 
Ընդ որում, հարկ էլ չկա սևեռվել բնության ինչ–ինչ հատվածի վրա: Որովհետև այնքան բազմազան է բնությունը: Պարզապես պետք է այդ ամենն անցկացնես քո միջով՝ քո մտածողության, քո հոգեվիճակին համապատասխան: Եվ զարմանալին այն է, որ այն տարածքի վրա, որ պետք է «լցնես», քառակուսի մետր է, թե՝ ինչքան, միանգամից արդեն ներքուստ անելիքդ տեսնում ես, արդեն գիտես, թե ինչ պետք է անես, որ շատախոսություն չլինի, կամ որ ասածդ էլ պակաս դուրս չգա:

– Այսինքն՝ բնության մեջ լինում ես դու և դու: Կամ՝ դու և Բարձրյալը:

– Հոգու խռովքի նման մի բան է լինում: Կռիվ տալով գնում ես: Ու մեկ էլ տեսնում ես, որ ինչ–որ մի բան այնքան լավ ստացվեց: Ընդ որում, դա քո պատկերացումներից դուրս է, ինքդ չէիր էլ կարող սպասել, որ բնությունն այդպես կարող էր քեզ տրվել:
Բայց հենց նույն ձևով էլ դու պետք է տրվես բնությանը: Հենց այդ երկխոսությունը կայանում է, նկարը ստացվում է արդեն: Ամեն ինչը գալիս ու ընկնում է իր տեղը:

– Իսկ ամեն երկրի բնություն իր արվեստագետին ի՞ր ձևով է կերտում:

– Քո գոյությունը պետք է համահունչ լինի քո տեղանքին: Այլապես դու այլ վայրում կծնվեիր: Եվ եթե նկարիչն ազնիվ է և ոչ թե ալբոմները փռում է ու մի քիչ այս նկարչից, մի քիչ այն նկարչից հավաքում ու նկար է շինում, ապա առաջին վրձնահարվածից մինչև վերջին վրձնահարված պետք է զգացվի, որ այդ գործը տեր ունի, այսինքն` այն հենց տվյալ մարդունն է: Այսինքն` առանձին հոգեվիճակի արտահայտություն է:

– Դուք ուսուցիչ չե՞ք ունեցել: Ես տեղյակ եմ, որ երբ պատանի էիք, Մարտիրոս Սարյանը ձեզ իր վրձինն է նվիրել: Ընդհանրապես, ինչպե՞ս է ձեր՝ որպես արվեստագետի, ձևավորումն ընթացել:

– Ըստ իս, ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե անհրաժեշտ է, ապա պատճառաբանված մի դեպք, մի դիպված տեղի է ունենում: Եվ դրանից էլ ծնունդ է առնում ու մեջդ բույն է դնում այն մղումը, որը պետք է զարգանա ու աճի: Այդ առումով էլ այն, ինչ եղավ, պատահական չէր, այլ անհրաժեշտաբար էր, որ եղավ: 
Նաև իմ մանկության տարիներին, երբ ես Արթիկում էի գտնվում, տեղի քարհանքերում գերմանացիներ էին աշխատում: Մենք էլ, 7–8 տարեկան երեխաներ, երբեմն նրանց հաց էինք տանում: Նրանք էլ քարի յուղից սայլեր կամ ավտոներ էին պատրաստում ու տալիս մեզ: Ես փորձեցի ընդօրինակել նրանց սարքածները, ու մոտս ստացվեց: 
Երբ դու տեսնում ես մեջդ կա նմանակելու այդ կարողությունը, անընդհատ դա արդեն զարգացնում ես: Հետո մատիտ է ընկնում ձեռքդ, սկսում ես խզբզել, ու ընթացքն այդպես գնում է:
Ոչ մեկն էլ ինձ ուղղություն չի տվել. ամեն ինչ եկել է իմ էությունից, հարազատ եմ եղել ինքս ինձ: Անշուշտ, սա չի նշանակում, թե ակադեմիական գիտելիքներին չպետք է տիրապետես, դրանք անհրաժեշտություն են ցանկացած նկարչի համար:
Սկզբնական շրջանում գործերս ոչ մեկին ցույց չէի տալիս: Վախենում էի. մտածում էի՝ բոլորը հանճարեղ են, բացի ինձնից: Մինչև այսօր էլ այդպես եմ: Վախը մշտապես մեջս նստած է: Եվ դա է, որ քեզ պարտավորեցնում է ավելի պատասխանատու լինել արածիդ համար:

– Մյուս տարվա համար դուք նախապատրաստվում եք ձեր հոբելյանական ցուցահանդեսին: 80 տարիների հեռվից ի՞նչ եզրահանգման եք եկել՝ մարդու համար ի՞նչ է մնում այս աշխարհից: Նա ինչո՞ւ է գալիս, ինչո՞ւ է գնում: Կամ արվեստագետն ինչո՞ւ է:

– Այնքան անելու բան կա: Որովհետև ամեն մի ավարտուն կտավ հուշում է, թե մյուսը ոնց անեմ: Եվ երբ գործ անելու այդ ձգտումը կա, ապա հետոյի մասին վախենում ես մտածել: 
Բայց, բոլոր դեպքերում, եկել եմ մի եզրակացության, որ բնությունը քո մեջ կոդավորված ձևով դնում է, թե ինչքան կարող ես մտածել: Ավելին իրավունք չունես մխրճվել բնության երևույթների մեջ: Այսինքն՝ քեզ այդքանն է հասնում տեսնել, զգալ և, եթե կարող ես, նաև վերարտադրել: Եվ քեզնից հետո էլի են սերունդներ գալու, և նրանք էլ իրենց գործն են անելու:

– Դուք շատ ուշ որպես նկարիչ ընդունվեցիք ու ճանաչման հասաք: Ինչո՞ւ:

– 1990–ին ինձ նոր միայն Նկարիչների միության մեջ ընդունեցին: Երբ արդեն 40 տարեկան էի:
Աշխատանքներս չէին վերցնում. հանում–գցում էին դուրս ցուցահանդեսներից: Որովհետև Գեղարվեստի ինստիտուտը չէի ավարտել ու ծանոթ–մանոթ էլ չունեի:
Մի դեպք հիշեմ: Ունեմ մի գործ՝ «Սանձահարում»: Թող անհամեստ չլինեմ՝ հրաշալի գործ է, որ թանգարանին էլ ներկայացնես, ձեռքները բարձրացրած կընդունեն: Հենց այնպես չեմ ասում՝ այն ցուցադրել եմ Փարիզում, ԱՄՆ–ում, Չինաստանում, այլ երկրներում: Ամեն տեղ ապշելու ընդունելություն է գտել, համարել են հանճարեղ գործ:
Իսկ մեզ մոտ այն ներկայացրել էի Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին, հանել–գցել էին դուրս: Այն ժամանակ Հենրիկ Իգիթյանը ցուցահանդեսի աշխատանքներն ընտրող հանձնաժողովի մեջ էր՝ որպես արվեստաբան: Հետո նույն այդ Հենրիկ Իգիթյանը նույն այդ կտավի համար ասում էր ինձ՝ չե՞ս տա կախենք Ժամանակակից արվեստի թանգարանում: Պատասխանեցի՝ ես քեզ ո՛չ մի բան չեմ տա:
Հետո նորից, թե՝ արի՛, ես քեզ հանճարեղ նկարիչ կսարքեմ, է՛ս, է՛ն: Ա՛յ մա՛րդ, ասացի՝ գնա. ես այնքան լավ գիտեմ, թե ո՞րն է հանճարը ու ո՞րն է անճարը…
Ասեմ նաև, որ նման վերաբերմունքի պատճառով ես մի 20 տարի չեմ նկարել:
1989–ին ժուռնալիստների միության շենքում ցուցահանդեսս կազմակերպեցին: Այցելուների մեջ Նկարիչների միությունից էլ մարդիկ կային: Տեսան գործերս ու իրենք կազմակերպեցին. առանց ինձ, իմ փոխարեն դիմում գրելով՝ ինձ ընդունեցին միության մեջ:
Եվ առաջին անգամ 1991–ին նոր միայն Նկարիչների միությունում բացեցի աշխատանքներիս անհատական ցուցահանդեսը: Այնքան մարդ այցելեց, որ ամենքն էին զարմացած մնացել. ասում էին՝ դեռ նման բան երբեք չի եղել:

– Երբ դրսում ցուցադրվում եք, ձեզ տարբերակո՞ւմ են որպես հայ նկարիչ:

– Միանշանակ տարբերակում են: ԱՄՆ–ի հայտնի կենտրոնում ցուցահանդես կազմակերպեցին: Բայց ընդամենը՝ մեկ շաբաթով: Ընդ որում՝ արտահերթ էր իմ աշխատանքների ցուցադրությունը: Տարիներով հերթի էին կանգնած մյուսները: Սակայն այդ մեկ շաբաթը դարձավ երկու, երեք շաբաթ և հասավ մինչև մեկ ամիս հինգ օրվա:
Պարզվեց, որ տեղի նկարիչներն էին խնդրել, որ ցուցադրությունը շարունակվի, նաև շատ–շատ մարդիկ էին գալիս դիտելու: Ընդ որում՝ այլազգիներ:
Իսկ երբ հայկական հեռուստատեսությամբ հաղորդում կազմակերպվեց իմ մասին, նաև նկարներս էին բնականաբար ցուցադրում, այդ ընթացքում այնքան զանգ եղավ հեռուստատեսություն: Եվ հիմնականում ամերիկացիներն էին զանգողները: Ուզում էին իմանալ, թե ես ո՞վ եմ և ի՞նչ ազգության նկարիչ եմ: Ստիպված անգլերն խոսող մեկին նստացրեցին, ու նա սկսեց հետաքրքրվողների հարցերին պատասխանել:
Նաև Փարիզում է նման հետաքրքրություն եղել իմ գործերի հանդեպ, նաև այլ երկրներում: Ու բոլորն էլ միաբերան պնդել են, որ իմ գործերը զուտ հայկական մտածելակերպի արտացոլում են: Այդ իսկ պատճառով էլ հասկանալի ու ընկալելի են իրենց համար:
Մարսելի իմ ցուցահանդեսի վերաբերյալ էլ, մի արվեստաբան, որն իրենց շրջանում համարվում էր կծու մարդ, որովհետև հիմնականում դրական բաներ չէր գրում, այդպես ինձ նախազգուշացրեց իրենց քաղաքապետը, որ շատ սրտիս մոտ չընդունեմ, եթե բացասական բան գրի իմ մասին, մի քանի անգամ ցուցահանդես այցելել–գնալ–գալուց հետո ի վերջո գրեց՝ «Վերջին հիսուն տարում նման ցուցահանդես մեզ մոտ չի եղել»: Եվ ավելացրել էր՝ այս նկարիչն ինքն է և իր նկարչությունը: Նրան ոչ մեկի հետ չես շփոթի: Եվ նա հայ է:


Գոհար Սարդարյան

  Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am -ը 

IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.