Անսպասելի զարգացումներ, ծիծաղաշարժ դրվագներ. Մկրտիչ Արզումանյանը՝ «Ռեստարտ 2020»-ում
ЛАЙФ
Tert.am Life-ը գրում է.
Atv հեռուստատեսությունը հոկտեմբերին կմեկնարկի ամենահամարձակ, հետաքրքիր և ծիծաղաշարժ զարգացումներով նախագիծը՝ «Ռեստարտ 2020»։ Հումորային դրամայում ներկայացված է 2020 թվականը։
Սուպեր մասշտաբային նախագծի մասին Tert.am Life-ը զրուցեց հեռուստասերիալի սցենարի հեղինակներից մեկի՝ Նարեկ Մարգարյանի հետ։
«Նախագծի մտահաղացումը Аtv-ի տնօրեն Ռուբեն Արամյանին է։ Սցենարը գրել ենք ես և Սերգեյը։ Երբ առաջացավ նախագծի մտահաղացումը չէինք պատկերացնում, որ այն կարող ենք իրականացնել Հայաստանում։ Բայց արի ու տես մենք ստացանք այն, ինչ պատկերացնում էինք։ «Ռեստարտ 2020»-ը կատագերգություն է, որն ունի դրամայի որոշ տարրեր։ Փորձել ենք պատկերել աշխարհի վերջը հայկական տեսանկյունից։ Իրականում շատ լուրջ և մեծ աշխատանք է սա։ Տարբեր ոլորտի մասնագետների հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որպեսզի հնարվորինս ավելի մոտ պատկերենք աշխարհի վերջը։ Օրինակ՝ ֆիզիկոսներին հարցրել ենք, եթե մարդկությունը վերանա, արդյո՞ք հոսանք ու ջուր կլինեն»- ասաց Նարեկը։

Սցենարի հեղինակը պատմեց, որ հեռուստադիտողը հետևելու է, թե ինչպես է «Ռեստարտ 2020»-ում գլխավոր, նաև միակ, դերակատար Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Անդրանիկի կերպարը, կարողանում միայնակ ապրել աշխարհում։
«Հայաստանում ողջ մնացած Անդրանիկը, որի համար արդեն սովորական է դարձել միայնակ կյանքը, ցանկանում է հանդիպել կնոջը։ Սերիաների ընթացքում հերոսը տարբեր զվարճալի և դրամատիկ իրավիճակերում է հայտնվում։ Ինչպես Ռոբինզոն Կրուզոն է փորձում գտնել ճանապարհ՝ դուրս գալու համար, այնպես էլ Անդրանիկը։ Նա սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, որը մենք ստացել ենք ժամանակակից համակարգչային գրաֆիկայի միջոցով»,- հավելեց Նարեկը։

Հարցին՝ ինչո՞ւ հենց Մկրտիչ Արզումանյանը, սցենարի հեղինակը պատասխանեց. «Հենց առաջին քննարկման ժամանակ հնչեց Մկրտիչի անունը։ Կարծում եմ՝ նա այն դերասաններից է, ով տաղանդավոր մարդ է և հենց իր իսկ կերպարով շատ հետաքրքիր է։ Մենք պատկերել ենք դատարկ Երևանը, որտեղ ողջ մնացած հերոսը պետք է այնքան հետաքրքիր լինի, որ չձանձրացնի հեռուստադիտողին և այդ կերպարը հենց Մկրտիչ Արզումանյանն է»։
Մկրտիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծում հենց այդ միայնակ լինելու փաստն է, որ հետաքրքրել է իրեն։ Նրա խոսքով՝ շատ բարդ փորձություններ է հաղթահարել։
«Այս նախագծում մի շարք փորձություններ եմ հաղթահարել։ Իրականում բարդ է միայնակ խաղալ ֆիլմում։ Այդ կերպարը պետք է լինի այնքան համոզիչ, այնքան մոտ, որ հեռուստադիտողը հարազատ ու համոզիչ նոր բան գտնի իր համար։ Այն ֆանտաստիկ ժանրի ֆիլմ չէ, քանի որ հնարավոր է՝ մարդ մի օր արթնանա և իր համար ամեն ինչ փոխվի։ Շատերի մոտ կարծիք կա, որ միայնակ մնալով՝ շատ բաների կհանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենալու է, քանի որ ուշ թե շուտ այդ միայնությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ մի օր նա կհանդիպի ինչ-որ մեկին և այլևս միայնակ չի լինի»,- հավելեց Մկրտիչը։
.jpg?1473856657615)
Նարեկի խոսքով՝ դժվարությամբ են ստացել անմարդաբնակ Երևանը. «Մենք հիմնականում նկարահանումներն իրականցրել ենք այն ժամերին, որ մարդիկ քիչ լինեն։ Նկարահանումների ընթացքում աշխատել ենք չխախտել հասարակական կարգը։ Շատ բարդ ռեժիսորական ու օպերատորական աշխատանքներ ենք տարել»։
Նշենք, որ «Ռեստարտ 2020» նախագիծը բաղկացած է 24 սերիայից։ Հեռուստադիտողը շաբաթը երկու օր հնարավորություն կունենա դիտելու և հետևելու Անդրանիկի՝ Մկրտիչ Արզումանյանի, գործողություններին։
«Ռեստարտ 2020» մասշտաբային նախագծի ռեժիսորն է Հարութ Շատյանը, իսկ պրոդյուերական աշխատանքով զբաղվել է Արա Բաղդասարյանը։
Մելինե Տոնոյան



