Ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին
ОБЩЕСТВО«Հիմնադիր խորհրդարանն» այսօր մի հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանի վրա գիշերը հարձակվել են եւ ծեծի ենթարկել:
«Քիչ առաջ Գարիկ Գալստյանը տեղեկացրեց, որ անցած գիշեր` ժամը 4.00-ի կողմը, անծանոթ տղաներ եկել-կանգնել են իր պատուհանի տակ եւ հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Գարիկ Գալստյանին դուրս են կանչել խոսելու: Նրանք Գարիկին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «Սասնա ծռերին»: Գարիկը պատասխանել է, որ նրանք հերոսներ են: Այդ պահին անծանոթները սկսել են նրան ծեծի ենթարկել եւ փորձել են դանակահարել, սակայն Գարիկը ձեռքով խոչնդոտել է եւ դրանից վնասվել է նրա ձեռքը: Գարիկը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Past.am-ը կապ է հաստատել Գարիկ Գալստյանի հետ՝ պարզելու գիշերը տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամը մեզ պատմեց, որ գիշերը ժամը 4.00-ի սահմաններում երկու հոգի իրենց սեփական տան պատուհանի մոտ կանգնած հայհոյանքներ են հնչեցրել: Ինքը դուրս է եկել, սկզբից վիճել են պատուհանի մոտ կանգնելու համար, որից հետո անծանոթներն առաջարկել են գնալ մոտակա այգի՝ խոսակցությունը շարունակելու նպատակով:
«Տեղ հասնելուն պես խոսակցության թեման փոխեցին: Հարցրեցին, թե ինչ վերաբերմունք ունեմ «Սասնա ծռերի» մասին: Ես էլ ասացի, որ նրանք հերոսներ են, իսկ նրանց արածը հերոսություն է», - նշեց Գարիկ Գալստյանը:
Այս խոսքերից հետո անծանոթներն սկսել են հարվածներ հասցնել Գարիկին, գցել են գետնին ու մի քանի անգամ հարվածելուց հետո հեռացել: Ըստ նրա՝ իրեն ուզում էին վախեցնել, բայց դա չի հաջողվել: Գարիկ Գալստյանն այս միջադեպից չի ընկճվել եւ նշում է, որ շարունակելու է մասնակցել ցույցերին:
Վերջինս հայտնում է, որ ոստիկանություն ու հիվանդանոց դեռ չի դիմել, քանի որ ոստիկանությանը չի վստահում, իսկ եթե բժշկի դիմի, ոստիկանությունն էլ դեպքի մասին կիմանա:
Այս ընդհարման արդյունքում նա մի շարք մարմնական վնասվածքներ է ստացել՝ դանակով վնասել են ձեռքը, այս պահին երիկամներն են շատ ուժեղ ցավում: Վերջինս հայտնեց, որ իր ձեռքը տանն է վիրակապել:
Ըստ Գարիկ Գալստյանի՝ ինքը նկատել է, որ իրեն հետեւում են, պարզապես դրան մեծ կարեւորություն չի տվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



