Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող 7503 երիտասարդ տալասեմիայի կրող է հանդիսանում
МЕЖДУНАРОДНОЕՎերջին մեկ տարում Ադրբեջանի «Հանուն կյանքի առանց տալասեմիայի» ծրագրի շրջանակում ամուսնանալու նպատակով բժշկական քննություն անցած 152 659 երիտասարդներից 7503-ի մոտ տալասեմիա (արյան հիվանդություն) է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի առողջպահության նախարարության մամուլի ծառայությանը:
Oxu.az լրատվական կայքի համաձայն` Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ նշվել է, որ վերջին մեկ տարում ընտանիք կազմելու նպատակով բժշկական քննություն անցած երիտասարդներից 458-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել:
Ադրբեջանում բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացողների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:
Արյան հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը:
Ըստ ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են:
Ադրբեջանի հեմոֆիլիայի (արյան անմակարդելիություն) գիտագործնական կենտրոնի ղեկավար Էլմիրա Գադիմովան sputnik.az կայքին ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանում վերջին մեկ տարում 1000 հոգով ավելացել է հեմոֆիլիայով հիվանդների թիվը:
Նրա խոսքով` 2008 թվականին Ադրբեջանում ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմել էր 980 հոգի, ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 577: 2015 թվականի վերջին ամբուլատոր պայմանում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը արդեն հասել էր 2482 հոգու, իսկ ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 310 հոգու:
Էլմիրա Գադիմովան ասել է, որ ներկայում իրենց կենտրոնում 20 հոգի ծայրաստիճան ծանր հիվանդ կա:
«Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդներից 111-ը 1-5 տարեկան, 226-ը` 5-15 տարեկան երեխաներ են: Դա նշանակում է, որ հիվանդների ընդհանուր թվի 22,5 տոկոսը 1-15 տարեկան երեխաներ են», -ասել է հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը:
Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով հիվանդ 300 երեխաներ են ծնվում:



