Վիշապքարերը բացառիկ են մեր լեռնաշխարհի համար. հայ հնագետների վերջին բացահայտումները (լուսանկարներ)
КУЛЬТУРА
Այսօր Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողներին պատմել է հայ հնագետների վերջին շրջանի կարևորագույն ուսումնասիրությունների և տպավորիչ արդյունքների մասին, - հայտնում է Past.am-ը:
Պավել Ավետիսյանը կարևորեց Արագածի գագաթամերձ մասում՝ Տիրին կատարի տարածքում, վիշապքարերի ուսումնասիրությունը: Ըստ նրա՝ վիշապքարերը հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության ամենահին նմուշներն են: Դրանք բացառիկ են մեր լեռնաշխարհի համար և չեն հանդիպում այլ վայրերում: «Եթե դրանք կարողանանք ի մի բերել, ամենայն հավանականությամբ, բրոնզե դարաշրջանի մասին մեր նախնիների պատկերացումների համակարգի մեջ մի նոր էջ կբացվի»,- ընդգծեց մասնագետը:
Հնագետներն ուսումնասիրել են նաև Արագածի փեշերին հայտնաբերված դարան-որսատեղիները՝ որոգայթները: Հնագետն ասաց, որ դրանք հիմնականում հանդիպել են Սիրիայի, Պաղեստինի, Իսրայելի, Սինայի թերակղզու տարածքում: Նա նշեց, որ վերլուծելով օդից արված նկարահանումները՝ հնագետները եկել են եզրահանգման՝ այդ կառույցներն օգտագործվել են կենդանիների որսի և ընտելացման համար: Բանախոսը նաև հավելեց, որ այդ դարանների բոլոր տեսակները կան Արագածի փեշերին և դրանց քանակը հասնում է 100-ի:
Պավել Ավետիսյանը հատկապես կարևորեց այն հանգամաննքը, որ դրանք ողջ առաջավոր Ասիայի հին ժամանակների հասարակություններիզ, քաղաքակրթությունների ձևավորման, սաղմնավորման ժամանակների մասին բացառիկ տվյալներ տվող հուշարձաններ են: Այս բոլոր գտածոները եզակի են: Դրանց մասին տեղեկատվությունն ու պետության կողմից ճիշտ աշխատանքը կարող են զբոսաշրջության համար խթան հանդիսանալ:
Past.am-ի հարցին՝ պետությունն ու մշակույթի նախարարությունը բավարա՞ր ուշադրություն են դարձնում այս հարցերին, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենը պատասխանեց, որ 2007 թվականից իրենք մեծ գումարներ են ստանում իրենց աշխատանքները կատարելու համար: «Դրա շնորհիվ կարողանում ենք պեղումներ իրականացնել: Խնդիր ունենք՝ ինստիտուտի շենքային պայմանները հարմար չեն լաբորատոր հետազոտություններ անելուն»,- ասաց նա:
Մեր մեկ այլ հարցին՝ որքա՞ն են ինստիտուտի աշխատակիցների աշխատավարձերը, պարոն Ավետիսյանը պատասխանեց՝ «ողբալի»: «Դոկտորի աստիճան ունեցող բաժնի վարիչը ստանում է մոտ 120.000 դրամ, բայց նաև շատերը համատեղում են իրենց աշխատանքը և դասախոսությունը»,- հավելեց բանախոսը:
Past.am-ն ընթերցողներին է ներկայացնում հնագետների պեղումներից արված լուսանկարներ, որոնք մեզ տրամադրել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Լևոն Փանոսյան




















































