«Իշխանությունները եւ՛ իրենց են պատին դեմ արել, եւ՛ ժողովրդին». Լեւոն Պաչաջյան
ИНТЕРВЬЮ
«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Past.am-ը զրուցեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայում Շվեդիայում գտնվող եւ «Սոդերտելյե» ֆուտբոլային ակումբում հանդես եկող ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանի հետ:
- Այս վերջին մեկ շաբաթը բավական լարված էր քաղաքական առումով: Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստին: Ի՞նչ վերաբերմունք ունեք ստեղծված իրավիճակի նկատմամբ:
- Այն, որ ես բացակայում եմ Հայաստանից եւ հիմնականում տեղեկությունը ստանում եմ «Ֆեյսբուքի» կամ լրատվական կայքերի միջոցով, շատ է խանգարում ինձ հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում։ Կարծում եմ՝ այն քայլը, որը կատարել է «Սասնա ծռեր» խումբը, բացառիկ է եւ ծայրահեղ։ Բայց, մյուս կողմից, հաշվի առնելով, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում երկրում, ինչպիսի ահագնացող չափերի են հասնում արտագաղթն ու կաշառակերությունը եւ այն, որ նորմալ, թափանցիկ ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում փոխել այդ ամենն արդեն բավական երկար ժամանակ, ինձ համար տրամաբանական եմ համարում նման ծայրահեղ քայլերի դիմելը:
- Կարծիքներ կան, որ երկրում փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը զենքով կամ առաջին հայացքից ծայրահեղ թվացող գործողություններն են: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:
- Կարծում եմ, որ այդպես էլ կա։ Այսօր, ցավոք, մեր իշխանությունները եւ՛ իրենց են պատին դեմ արել, եւ՛ ժողովրդին։ Ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել փոփոխության, իսկ մյուս կողմից, եթե թափանցիկ ընտրություն լինի, իշխանությունները կկորցնեն ամեն ինչ։ Հետեւաբար, մնում է ամենածայրահեղ եւ անցանկալի միջոցը՝ զենքով վերցնելը այն ամենը, ինչ ունի իշխանությունը:
- Զինված խմբի պահանջներից մեկը իշխանափոխությունն է, արտահերթ ընտրությունները: Նման անհրաժեշտություն կա՞ մեր երկրում:
- Իհարկե, կա։ Եթե չլիներ, ապա նման երեւույթներ չէին լինի։ Ցանկացած զարգացած եւ ժողովրդավարական երկրում նման վիճակ հնարավոր չէ, որովհետեւ մարդիկ գիտեն, որ իշխանության փոփոխությունը իրենց ձեռքերում է եւ ընտրությունների միջոցով կարող են լուծել ցանկացած վատ աշխատող նախագահի կամ կառավարության հարցերը։ Ցավոք, մեզ մոտ այդ հնարավորությունը բացակայում է։
- Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:
- Այս պահին ինձ համար անհասկանալի է, թե այս ամենը ինչպես կավարտվի։ Մի կողմից՝ ունենք 30 հոգուց բաղկացած, մեծամասամբ պատրաստված եւ արհեստավարժ, Արցախյան պատերազմի վետերանների խումբ, ովքեր չեն պատրաստվում վայր դնել զենքերը, մյուս կողմից՝ իշխանություն, որը հրաժարականի չի գնում։ Բայց փողոց դուրս եկող ժողովուրդն էլ այնքան մեծ չէ, որ կարողանա ստիպել իշխանություններին զիջումների գնալ: Այս ամենը ստեղծված իրավիճակը դեպի փակուղի է տանում։ Միայն վախենում եմ, որ, այնուամենայնիվ, կգրոհեն ... Իսկ դա ամենավատ սցենարը կլինի։ Հուսամ, որ սխալվում եմ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































