Գյուլենին արտահանձնելու պահանջով Թուրքիան փաստաթղթերի ծրար է ուղարկել ԱՄՆ-ին
МЕЖДУНАРОДНОЕՉափավոր իսլամական գաղափարախոսության քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու պահանջով պաշտոնական Անկարան փաստաթղթերի չորս ծրար է ուղարկել Միացյալ Նահանգներ: Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Ահաբեկիչների ղեկավարին վերադարձնելու նպատակով Միացյալ Նահանգներին մեր կոչն արել ենք, փաստաթղթերն ուղարկել ենք: Արդարադատության նախարարը փաստաթղթերի չորս ծրար է ուղարկել»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով ԱՄՆ կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, թե արտահանձնելու համար իրենց բավարար ապացույցներ են պետք` Յըլդըրըմն ասել է. «Բեն Լադենի համար ապացույց չէիք փնտրում, այժմ ինչո՞ւ եք պնդում, որ ապացույց ներկայացվի: Արդեն բավական է, որքան պաշտպանեցիք այդ դավաճանին, դադարեցրեք: Սրանից ձեզ, մարդկությանը, իսլամական աշխարհին ոչ մի օգուտ չկա: Անիմաստ մի սնեք նրան»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի գործընկերներին հեղաշրջման դեմ հնչեցված հայտարարությունների մասին` հավելելով, սակայն, որ իրենց դուր չի եկել «բայց»-ով սկսվող նախադասությունները:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



