Եռանախագահները պետք է բացատրություն պահանջեն Ադրբեջանից սադրիչ հայտարարությունների համար. Խաչատուր Քոքոբելյան
ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
- Հիմա էլ Ֆրանսիան է ցանկանում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սա այլընտրա՞նք է Ռուսաստանին:
- Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործընթացը թողնեն ժողովրդական լեզվով ասած՝ Ռուսաստանի հույսին: Չեմ էլ ուզում դա համարել հակադրություն Ռուսաստանի հանդիպմանը: Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են արևմտյան պետությունները, պետք է անեն ամեն ինչ, որ Ռուսաստանը գործընթացից դուրս չմնա, որովհետև ես գտնում եմ՝ Ռուսաստանը շահագրգիռ չէ խնդիրը լուծելու մեջ, բայց նրան մասնակից դարձնելով՝ գոնե Ռուսաստանը հնարավորություն չի ունենա խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը: Դա ենթադրում է, որ առանց ԼՂՀ-ի անկախության ճանաչման և ԼՂՀ-ին բանակցությունների սեղանին վերադարձնելու մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են:
- Անվտանգության առումով ի՞նչ կտա պետերբուրգյան հանդիպումից հետո եղած հայտարարությունն առ այն, որ ԵԱՀԿ դիտորդների թիվը պետք է ավելանա:
- Նախ՝ դա պետեբուրգյան հանդիպաման պայմանավորվածություն չէ: Մի փոքր ճշգրտում, եթե կարելի է: Դա Վիեննայի հանդիպման պայմանավորվածություն է: Պետք է ասել, որ պետերբուրգյան հանդիպումը չվիժեցրեց այդ գործընթացը: Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ մոտեցումներ կային այնտեղ: Դրան անմիջապես հաջորդած Ադրբեջանի նախագահի հայտնի հայտարարությունը չի խոսում ի օգուտ այդ գործընթացի, բայց ես վստահ եմ՝ հայկական կողմն ու եռանախագահները քաջ գիտակցում են, որ մշտադիտարկման սարքերի տեղադրումն ու Կասպշիկի խմբի ընդլայնումը բխում է խաղաղության հաստատման շահից: Ժամ առաջ պետք է հասնենք դրան:
- Ի՞նչ նպատակ ուներ անցած շաբաթ հնչեցված Նովրուզ Մամեդովի սադրիչ հայտարարությունն այն մասին, որ Պետերբուրգում նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին՝ սկզբից՝ 5, ապա՝ 2 շրջանների վերադարձ:
-Վերջին տասնհինգ օրում Ալիևն ու Մամեդովը մի քանի իրարամերժ հայտարարություն արեցին: Դրանք լուրջ ընդունել չարժե, բայց եռանախագահները, իմ կարծիքով, պետք է հրապարակավ բացատրություն պահանջեն Ադրբեջանից սադրիչ հայտարարությունների համար:
Լևոն Փանոսյան




















































