Ադրբեջանում երեխաների ամենաշատ ինքնասպանության դեպքերը գրանցվում են 14-15 տարեկանների մոտ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում երեխաների մեջ ինքնասպանության՝ մահվան ելքով փորձերի մեծ մասը կատարվում է տղաների կողմից:
Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի երեխաների խնդիրների բաժնի խորհրդատու Փարվիզ Ալիեւը:
Նրա խոսքով` անցած բոլոր տարիներին ինքնասպանության դիմած երեխաների մեջ տղաներ են գերակշռել: Նրանք ավելի շատ ինքնասպանության են դիմում հասունացման շրջանում` 14-15 տարեկանում:
Պետպաշտոնյան հայտնել է որ Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառների հետազոտություն չի կատարվում, եւ հայտնի չեն ինքնասպանության հիմնական դրդապատճառները:
Ադրբեջանի Առողջարարական հոգեբանական կենտրոնի տնօրեն Ֆուադ Իսմայիլովը ԱՊԱ-ին հայտնել է, որ անցյալ տարվա համեմատ, 2016 թվականին կենտրոն դիմողների թիվը կրկնապատկվել է` հասնելով շաբաթական 100 մարդու:
Նրա խոսքով` Ադրբեջանում կանանց մոտ դեպրեսիայի դեպքերը 2 անգամ ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ, քանի որ նրանք ավելի շատ են ենթարկվում բռնությունների եւ այլ դեպքերի:
Ֆուադ Իսմայիլովն ընդգծել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն 5 ինքնասպանության դեպք է ընկնում (մոտ` 500): Նա ծնողներին խորհուրդ է տվել երեխաների մոտ զգացմունքային եւ վարքային փոփոխություններ նկատելու դեպքում, անպայման դիմել մասնագետներին, հոգեբաններին եւ հոգեբույժներին:
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:
Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է Ադրբեջանի հոգեբանական առողջության կենտրոնի շտապ հոգեբանական օգնության բաժնի ղեկավար Քեմալե Թալըբովան` մայիսի 12-ին Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում նավթի գների անկման հետեւանքով ասրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 197 ինքնասպանության դեպք, որից 18-ն անչափահասներ եւ 88 ինքնասպանության փորձ է գրանցվել: Գրանցվել է նաեւ ինքնահրկիզման 14 փորձ, որից 12-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Փորձագետների կարծիքով` 188 ինքնասպանություններից 100-ը տեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում 2,6 մլն-ից ավելի մարդ պարտք է բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:



