Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշը բավականին ցածր է. Ֆրանսիայի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՀայ-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես միշտ, բարձր մակարդակի վրա են:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւլիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա վստահեցրեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կենտրոնացած են 3 առանցքային ոլորտներում, որոնցից առաջինը տնտեսականն է, ինչի զարգացմամբ դեսպանը բավականին շահագրգռված է:
«Ես անընդմեջ այս հարցին եմ անդրադառնում, քանի որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառաությունը կազմում է ընդամենը 50 մլն եվրո, ինչը շատ ցածր ցուցանիշ է եւ չի համապատասխանում երկու երկրների քաղաքական եւ մշակութային ոլորտներում գրանցված շարժի ընդհանուր պատկերին: Եվ իմ կարծիքով` պատճառներից մեկն այն է, որ երկու երկրների տնտեսավարող սուբյեկտները դժվար են պատկերացնում այն հնարավորությունները, որոնք կարող են ընձեռվել երկուստեք համագործակցության շնորհիվ»,- ընդգծեց դեսպանը:
Նրա խոսքով` ոլորտներից մեկը նաեւ ֆրանկոֆոնիան է, որտեղ նույնպես կցանկանար շարժում տեսնել:
«Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանը համարվում է Ֆրանկոֆոնիայի միջագզային կազմակերպության լիիրավ անդամ, եւ ես կցանկանայի, որ հայերը նորից կարողանային ադապտացվել ֆրանսերենին, այն ավելի մոտ լեզու դարձնելուն: Մինչ անկախությունը Հայաստանում լեզվին տիրապետողները 93 հազարն էին, իսկ արդեն անկախությունից հետո այդ թիվը նվազեց` դառնալով 35 հազար»,-նշեց նա:
Որպես հարաբերությունների զարգացման 3-րդ ուղղություն՝ դեսպանը նշեց սոցիալական երկխոսության օժանդակումը:
«Նկատի ունեմ ավելի համակարգային շփումներ միջազգային տարբեր կառույցների հետ` Եվրամիության տարբեր ինստիտուտներ, Եվրոպայի խորհուրդ եւ այլն, մանավանդ, որ Ֆրանսիան թե՛ կառույցների հետ համագործակցության եւ թե՛ հատկապես մարդու իրավունքների ոլորտում ունի հարուստ փորձ»,- եզրափակեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:



