«Բարեկամներս Ռուսաստան են կանչում, բայց չեմ ուզում գնալ. այս 1 ամսվա ընթացքում զգացի հայրենիքի արժեքը». զինծառայող
ОБЩЕСТВОBlognews.am-ը գրում է.
BlogNews-ը շարոունակում է հրապարակումների շարքը՝ Արցախից։ Այս անգամ ներկայացնում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հենակետային դիրքերից մեկի ավագի՝ Հարութ Քյարունցի հետ զրույցը։

Հարութի զորացրվելուն մնացել է 39 օր։ Հրամանատարի տեղակալ Մհեր Sարգսյանը, ով ուղեկցում էր մեզ, քանիցս նշեց, որ նա շատ օրինակելի զինծառայող է։ Հարութն էլ նշեց, թե թեև մեկ ամսից զորացրվում է, բայց եթե կռիվ լինի, առաջինը կգա սահման։
Զինծառայողը պատմեց, որ ապրիլյան պատերազմի առաջին օրը հերթափոխ էր եղել, և ինքն իջել էր դիրքերից։ «Մենք մարտի 18-ից առաջին գծում էինք, ապրիլի 1-ին հերթափոխ եղավ և իջանք զորամաս։ Ապրիլի 2-ի առավոտյան տագնապով պոլկը դուրս եկավ։ Տագնապ միշտ լինում էր, սկզբում մտածեցի՝ հերթական տագնապն է, մտքովս չանցավ, որ պատերազմ է սկսվել, սակայն տեսանք, որ Մարտունու ուղղությամբ հրետանի էր օգտագործվում։ Արդեն յուրաքանչյուրս եկանք մեր դիրքերը պաշտպանելու»,- նշեց նա՝ հավելելով, որ միշտ պատրաստ են հետ մղել հակառակորդին, սակայն չի եղել դեպք, որ իրենց դիրքի ուղղությամբ հարձակվեն։

Հարութը հայտնեց, որ ավելի քան 70 օր է՝ առաջին գծում են։ «Կրակոցներ միշտ եղել են, դա սովորական էր, բայց էս կռիվը մեզ շատ փոխեց։ Ավելի ենք հասունացել, այն ժամանակ ծառայությունն այլ կերպ էինք պատկերացնում, մտածում էինք՝ 2 տարի է, գնանք, ծառայենք, իսկ երբ կռիվը եղավ, շատ բան փոխվեց։ Մենք հիմա ավելի վստահ ենք. գիտենք, որ ինչ էլ լինի, հակահարված կտանք։ Էստեղ 8, 15, 23 ամսվա ծառայողներ կան։ Զինվորներ կան, որ 3-4 ամսվա ծառայող են, բայց բարձրացել են պոստեր, թեկուզ երկրորդ սահմանագիծ։ Առաջ չէինք կարող ասել՝ ինչ կանենք, եթե պատերազմ լինի, իսկ հիմա կարող ենք. գիտենք, որ յուրաքանչյուրս կարող է պաշտպանել իր դիրքը և ամեն պահի պատրաստ ենք, որ թշնամին էլի կարող է նորից հարձակվել»,- նշեց նա։
Զինծառայողի խոսքով՝ հրադադարի որոշումը նույնքան անսպասելի էր, որքան հակառակորդի հարձակումը։ «Մենք ամեն վայրկյան սպասում էին, որ կասեն՝ առաջ ենք գնում։ Իրենց կորուստներն ավելի շատ էին, բայց կարծում եմ՝ մեր զոհերի համեմատ պետք է առաջ գնայինք։ Չեմ կարծում, որ այսքանով ամեն բան ավարտվել է»,- ասաց զինծառայողը։ Հարութը նշեց, որ այս ընթացքում իրենց համար շատ ոգևորիչ է եղել թիկունքում հասարակության միասնությունը զգալը. «Մեզ հասնում էին լուրերը, թե հասարակությունը ինչպես է միավորվել և մեզ ավելի վստահ էինք զգում, որ թիկունքն այդքան ամուր է»։

Զորացրվելուց հետո զինծառայողը պատրաստվում է շարունակել ուսումը։ Հարութը Գորիսից է, սակայն ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանում, ապագա տնտեսագետ է։ Ասում է՝ բարեկամները Ռուսաստանում և իրեն կանչում են իրենց մոտ, սակայն չի ուզում գնալ։ «Այս մեկ ամսվա ընթացքում զգացի հայրենիքի արժեքը, երբ ինքդ ես պահում հայրենիքիդ սահմանները, քո ուժն ավելի ես զգում, հասկանում ես՝ ինչ կարևոր գործ ես անում։ Երևան կտեղափոխվեմ, բայց երկրից չեմ հեռանա»,- եզրափակեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



