Մշակույթի նախարարության արձագանքը Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականների պահանջին
ОБЩЕСТВО
Շաբաթներ առաջ մենք անդրադարձանք մոսկվաբնակ, Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը ֆինանսավորած բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցին, որում նա նշում է, թե մշակույթի նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում իր համար:
Այնուհետ Past.am-ը ստացավ նախարարության պաշտոնական պատասխանը:
Այսօր էլ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը տարածեց մամուլի հաղորդագրություն, որում նշվում է, թե նախարարության պատասխանում ներկայացված են անհամոզիչ փաստարկներ:
Հայտարարության հեղինակները ներկայացել են որպես մի խումբ լոռեցի ակտիվիստներ, ովքեր ՀՀ նախագահից պահանջում են պաշտոնանկ անել նախարար Հասմիկ Պողոսյանին և փոխնախարար Արև Սամուելյանին: Ըստ հաղորդագության՝ նամակն ուղարկվել է Սերժ Սարգսյանին:
Past.am-ը կապ հաստատեց մշակույթի նախարարության հետ, որպեսզի պարզի նախարարի կամ փոխնախարարի վերաբերմունքն այսօրվա նամակի նկատմամբ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ իրենց նախորդ պատասխանից բացի, նախարարությունն Օձունի վերականգնման հարցի վերաբերյալ այլ ասելիք չունի:
Մեր զրուցակիցը հրաժարվեց նաև մեկնաբանել Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականների պահանջի մասին հայտարարությունը:
Լևոն Փանոսյան




















































