Մշակույթի նախարարության արձագանքը Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականների պահանջին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթներ առաջ մենք անդրադարձանք մոսկվաբնակ, Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը ֆինանսավորած բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցին, որում նա նշում է, թե մշակույթի նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում իր համար: 
Այնուհետ Past.am-ը ստացավ նախարարության պաշտոնական պատասխանը: 
Այսօր էլ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը տարածեց  մամուլի հաղորդագրություն,   որում նշվում է, թե նախարարության պատասխանում ներկայացված են անհամոզիչ փաստարկներ:
Հայտարարության հեղինակները ներկայացել են որպես մի խումբ լոռեցի ակտիվիստներ, ովքեր ՀՀ նախագահից պահանջում են պաշտոնանկ անել նախարար Հասմիկ Պողոսյանին և փոխնախարար Արև Սամուելյանին: Ըստ հաղորդագության՝ նամակն ուղարկվել է Սերժ Սարգսյանին:
Past.am-ը կապ հաստատեց մշակույթի նախարարության հետ, որպեսզի պարզի նախարարի կամ փոխնախարարի վերաբերմունքն այսօրվա նամակի նկատմամբ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ իրենց նախորդ պատասխանից բացի, նախարարությունն Օձունի վերականգնման հարցի վերաբերյալ այլ ասելիք չունի:
Մեր զրուցակիցը հրաժարվեց նաև մեկնաբանել Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականների պահանջի մասին հայտարարությունը:
Լևոն Փանոսյան
			
			
			
			
			
				
			
			
			


