Հրանուշ Հակոբյանը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է երկրի հզորացման մեջ
ОБЩЕСТВОՀայ դատն այսօր միայն Հայոց ցեղասպանությունը չէ. այն ունի երեք ուղղություն՝ Ցեղասպանություն, Արցախի հիմնախնդիր եւ Հայաստանի հզորացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի առջեւ ծառացել են այս 3 գերակա խնդիրները:
«Այսօր այս ցավի մթնոլորտը նորից համախմբել է մեր ժողովրդին: Ցավ է, որովհետեւ ապրիլի 1-4-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք կորցրինք երիտասարդներ, հերոս տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, բայց նաեւ հպարտություն է, որ մեր հայկական բանակը կարողացավ շատ արագ դիմակայել ադրբեջանական ագրեսիային, կանգնեցնել նրանց առաջխաղացումը: Այսօր եթե Հայաստանը չհզորանա, հատկապես տնտեսապես չդառնա հզոր երկիր, մեր մյուս երկու խնդիրների լուծումը ավելի դժվար կլինի: Ինչքան հզոր է Հայաստանը, այդքան պաշտպանված է Ղարաբաղը, այդքան մեզ հետ հաշվի են նստում, հզորների խոսքը լսելի է դառնում»,- ասաց նախարարը:
Բացի վերոնշյալ 3 խնդիրներից նախարարը առանձնացրեց եւս մեկը, որն, ըստ նրա, մյուս խնդիրների հետ հավասարապես կարեւոր է:
«Եւս մեկ խնդիր, որը այժմ ծառացել է Հայաստանի առջեւ, սփյուռքի ուծացման խնդիրն է. ինչ անել, որ սփյուռքը ավելի կայուն մնա»,- նշեց Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում տեսապատկերների միջոցով ցուցադրվեց սփյուռքահայության կատարած աշխատանքը ապրիլյան պատերազմի օրերին: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ օրերին նախարարությունը 4500 նամակ է ուղարկել աշխարհասփյուռ հայկական բոլոր կառույցներին բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ այդպես ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու խնդրանքով, նաեւ ինչի շնորհիվ շուրջ 84 երկրներում սփյուռքի հայերը իրականացրին բողոքի ակցիաներ, իրենց դատապարտող խոսքով հանդես եկան նաեւ մի շարք ոչ միայն հայ հայտնի դեմքեր, այլեւ օտարերկրացի:
Նախարարը նաեւ հատկանշական համարեց մայիսի 18-ին Չիլիի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը, որը դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Անդրադառնալով սփյուռքից Արցախին հատկացվող ֆինանսական օգնությանը՝ նախարարը նշեց, որ այդ բոլոր ծրագրերը իրականացվել են բացառապես սփյուռքի նախաձեռնությամբ:
«Մենք այս ընթացքում ոչ մեկից որեւէ օգնություն ստանալու առաջարկությամբ հանդես չենք եկել, սակայն անմիջապես այս օրերին նկատվեց տարբեր կառույցների ակտիվությունը: Մենք չէինք էլ մտածում ինչ-որ լրացուցիչ հիմնադրամներ ստեղծելու մասին, սակայն այսօր արդեն կա 22 հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու, տարբեր կառույցների կողմից ստեղծված հիմնադրամներ»:
Իր ելույթի ավարտին Հրանուշ Հակոբյանը հորդորեց ներկաներին դարձնել վերոնշյալ այդ չորս խնդիրները հիմնադրամի կարեւորագույն խնդիրներից, համագործակցել այդ բոլոր հիմնադրամների հետ: Իսկ մասնավորապես Արցախի ճանաչման առնչությամբ նա առաջարկեց աշխատել տարբեր երկրների քաղաքական կառույցների հետ:
«Ձեր երկրներում դուք պետք է աշխատեք պատգամավորների, կառավարության անդամների հետ, բացատրեք, որ չկա հետդարձի ճանապարհ, Արցախը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի մաս, այն միշտ եղել է անկախ: Սա պետք է հասցնել ձեր երկրների տեղական մարիններից մինչեւ վերին իշխանություններին: Այնտեղ, որտեղ ուժ ունենք եւ կարող ենք ազդել, եկենք ազդենք եւ Արցախի ճանաչման հարցը դարձնենք մեր պետական աշխատանքի խնդիրը»,- եզրափակեց նախարարը:



