Առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Արմեն Ռուստամյան
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը պետք է երկու հստակ նախապայման դնի Ադրբեջանի առջև՝ հրադադարի ռեժիմի պահպանում և բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցություն: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմ են Ռուստամյանը: «Եթե առաջիկայում կյանքի կոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, այսինքն, շփման գծում տեղադրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմները, երաշխիքներ ստեղծվեն, որ Ադրբեջանը կպահպանի հրադադարը, ընդլայնվի ԵԱՀԿ ներկայացուցչի թիմը, արձանագրվեն խախտումները, այդ ժամանակ կարելի է խոսել նոր ռաունդի մասին»,- նշեց Ռուստամյանը:
Միևնույն ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ նույնիսկ այդ դեպքում չի կարելի խոսել բանակցությունների մասին, քանի որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցություններ չեն կարող լինել: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չենք կարող համարել բանակցություններ: Դրանք հանդիպումներ են բանակցություններ նախապատրաստելու համար: Բանակցությունների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան: Այդ ժամանակ միայն բանակցային գործընթացը կդառնա լիարժեք»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բլից-կրիգը ֆիասկոյի է ենթարկվել: «Նրանք իրենց ձախողումը հաղթանակ են ներկայացնում, բայց անգամ եթե դա հաղթանակ է, ապա պյուրոսյան հաղթանակ է, որովհետև նրանք ավելի շատ բան կորցրել են, քան ցանկանում էին ստանալ: Նրանք այդ բլից-կրիգով որոշակի խնդիրներ էին փորձում լուծել, շփման նոր գիծ առաջացնել, սակայն դա չի հաջողվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ձախողվել է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով զիջումների մասին շրջանառվող խոսակցություններին՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ընդհանրապես պետք չէ խոսել զիջումների մասին, երբ Ադրբեջանը զիջումների մասին երբեք չի խոսել: «Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ Ադրբեջաննը երբեք որևէ զիջման մասին չի հայտարարել: Անընդունելի է խոսել որևէ զիջման մասին, երբ հակառակորդն այդ մասին երբեք ոչինչ չի հայտարարել»,- հավելեց պատգամավորը:
Ռուստամյանն անդրադարձավ նաև քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին տարբեր խոսակցություններին, դրանք հետ գրավելու կոչերին: Պատգամավորն ընդգծեց՝ քանի դեռ պատերազմական վիճակը շարունակվում է, շփման գծում անընդհատ կարող են լինել փոփոխություններ: «Ինչի՞ համար ենք մենք օգտագործում շփման գիծ արտահայտությունը, որովհետև չկան հստակ սահմաններ, իսկ քանի դեռ դա չկա, քանի դեռ պատերազմական իրավիճակը շարունակվում է, այդ շփման գիծը կարող է փոփոխվել: Շփման գիծն այս տարիների ընթացքում անընդհատ փոփոխությունների ենթարկվել է և շարունակվելու է ենթարկվել, որովհետև հիմքեր չկան մտածելու, թե պատերազմն ավարտվել է: Մենք անցած տարիների ընթացքում նույնպես որոշ տարածքներ վերցրել ենք մեր վերահսկողության տակ՝ առանց դրա մասին հայտարարելու: Այդ մասին հրապարակումներ չեն եղել, պետք էլ չի հրապարակել, թե որ տարածքների մասին է խոսքը, բայց ես ասում եմ իրականությունը: Այնպես էլ պետք չէ անընդհատ խոսել այդ մասին ու ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, քանի որ գիտենք, որ Ադրբեջանում իրենց ձախողումը որպես հաղթանակ են ներկայացնում, հայտարարում են, թե տարածքներ ու բնակավայրեր են գրավել»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:



