Մնացել է իր սիրելի հրամանատարի կողքին. Արմենակ Ուրֆանյանի եղբայրը շնորհակալություն կհայտնի Քյարամի ընտանիքին
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
«Չէ, քեզ մենակ չե՛մ թողնի, ոչ մի տեղ էլ չե՛մ գնա...». այս խոսքերը եղել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի վերջին խոսքերը. Քյարամը հակառակորդի հետ մարտնչելիս հրաժարվել է ենթարկվել 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի՝ հետ քաշվելու հրամանին եւ ադրբեջանցիների մեծաքանակ ուժերի դեմ շարունակել է մարտնչել իր սիրելի հրամանատարի հետ՝ երկուսով:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակմանը ենթարկվողներից առաջինը եղել են հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի զինվորականները: Կապիտան Արմենակ Որֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն, անհավասար պայմաններում, կապիտանը գիտակցել է մոտալուտ վտանգը եւ անձնակազմին հրամայել հետ քաշվել:
«Քյարամը չի ենթարկվել իր հրամանատարին, ասել է, որ մենակ չի թողնի: Նրանք երկուսով հակառակորդի շատ զինվորներ են սպանել: Բայց, ցավոք, երկար չեն կարողացել դիմագրավել հակառակորդին, Քյարամը սպանվել է, նրա գլուխը կտրել են: Կապիտանն էլ վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրել է իրեն շրջապատել փորձող թշնամուն, այդ թվում մեկ տանկ՝ փրկելով իր անձնակազմի մյուս տղաների կյանքը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Քյարամ Սլոյանի հարազատներից տիկին Շաքեն:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին. նրա հարազատներին է հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին: NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ ադրբեջանցիները, որոնց թվում նաեւ թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ եւ բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, եւ որ նույնը կկրկնվի նաեւ քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:
Քյարամ Սլոյանի հետ մինչեւ կյանքի վերջին րոպեները հակառակորդի հետ հերոսաբար մարտնչած Արմենակ Ուրֆանյանի եղբայրն արդեն որոշել է՝ գնալու է Քյարամ Սլոյանի ծնողներին շնորհակալություն հայտնելու, որ իրենց դաստիարակած տղան իր ավագ եղբորն այդ պահին մենակ չի թողել, մնացել է նրա հետ եւ հերոսաբար կռվել թշնամու դեմ. «Սիրտս ոնց է մղկտում Քյարամիս համար. Քյարամն Արմենիս կողքն է մնացել, ասել է՝ «քեզ մենակ չե՛մ թողի, չե՛մ գնա»…: Հավատարիմ զինվոր է եղել: Փոքր տղաս որոշել է՝ գնալու է նրա ծնողներին շնորհակալություն հայտնի, իրենց որդու հերոսական ու անձնվեր քայլի համար: Արմենս միշտ ասում էր՝ «Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Իր տղերքին շատ էր սիրում: Առհասարակ քչախոս էր, իսկ գործից ընդհանրապես չէր խոսում. միակ բանը, որ լսում էինք, իր զինվորի գովքն էր»,- mediamax.am-ի հետ զրույցում ասել է զոհված հրամանատարի մայրը՝ տիկին Համեստը։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը երկու անգամ ճանաչվել է «Վաշտի լավագույն հրամանատար», ստացել է մի շարք պատվոգրեր:
Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ մոտոհրաձգային վաշտում: Ինստիտուտն ավարտելուց հետո Ուրֆանյանը մեկնել է Մարտակերտ՝ ծառայության:
Արմենակ Ուրֆանյանն ապրում էր մոր եւ եղբոր հետ, նա վերջերս էր նշանադրվել:



