Գիտությունը համաշխարհային երևույթ է.Դեն Շեխտմանը`ճակատագրական խոշորացույցի և գիտնական լինելու մասին
ОБЩЕСТВОՆոբելյան մրցանակի դափնեկիր ԴենՇեխտմանի համար պապիկի նվերը ճակատագրական դարձավ և օգնեց մրցանակի արժանանալ: Այս մասին գիտնականը խոստովանեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում: Իր ադարձության ժամանակ Դեն Շեխտմանը հանդես եկավ «Գիտական կրթության խթանումը» խորագրով դասախոսությամբ:
«Ես կարծում եմ, որ գիտական կրթությունը խիստ կարևոր է Հայաստանի և ողջ աշխարհի համար: Երբ ես 7 տարեկան էի, իմ պապը գնեց խոշորացույց: Այն ժամանակ էլեկտրոնիկա չկար: Խոշորացույցը սքանչելի գործիք էր ինձ համար, ամեն բլոճ, միջատ, ծաղիկ ուսումնասիրում էի: Ես սիրահարվեցի փոքր բաների աշխարհին: Երբ 10 տարեկան էի, բնագիտության ուսուցիչն ասաց, որ դպրոցում մանրադիտակ կա: Ես առաջինն էի, ում թույլ տվեցին նայել մանրադիտակով. ձեռքիցս չէի կարողանում բաց թողնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր դասախոսությունն այսպես սկսեց Դեն Շեխտմանը:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը վերհիշեց, որ այն ժամանակ, երբ ինքը սովորում էր մագիստրատուրայում, հայտնվեց էլեկտրոնային մանրադիտակը, որն «օգնեց» նրան Նոբելյան մրցանակ շահել: «Եթե ուզում եք երեխայի համար գիտական մի բան գնել, մանրադիտակ գնեք: Արդյունքները տարիներ անց կտեսնեք»,-շեշտեց նա:
Դեն Շեխտմանը խոսեց նաև այն մասին, թե ինչ պետք հաջողակ գիտնական լինելու համար:
«Հաջողակ գիտնականը կոնկրետ ասպարեզում պետք է մասնագետ լինի, պետք է միջազգային գիտական խմբի անդամ լինի: Գոյություն չունի հայկական, իսրայելյան գիտություն. գիտությունը համաշխարհային երևույթ է: Լավ գիտնականը միջազգային հանրության մաս է: Նա նաև ճանաչված առաջնորդ պետք է լինի: Նշանակում է, որ ուրիշ գիտնականներ պետք է հետևեն նրան, մեջբերումներ անեն նրա հոդվածներից: Լավ գիտնականը պետք է հաղորդակցվի, իր աշխատանքը տեղ հասցնի»,-նշեց նոբելյան մրցանակի դափնեկիրը:
Դեն Շեխտմանի խոսքով`լավ գիտնականը չի կարող թաքնվել լաբորատորիայում, քանի որ հասարակությունը պետք է տեղյակ լինի գիտական գործընթացներին:
«Իսրայելում հնարավոր չէ համալսարանական պաշտոն ստանալ դոկտորականը պաշտպանելուց հետո, պետք է արտասահման գնալ, հետդոկտորական կրթություն ստանալ: Դրանից հետո կարող ես դիմել համալսարանում դասախոս դառնալու»,-պատմեց նա:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայ գիտնականներին խորհուրդ տվեց հմտանալ անգլերենում, այն գիտության հաղորդակցման լեզուն է: «Եթե հայերեն, ռուսերեն հրապարակեք ձեր հոդվածները, աշխարհը դրանից անմասն կմնա: Անգլերենի շատ լավ իմացությունը պարտադիր պայման է»,-հավալեց նա:
Դեն Շեխտմանը խորհուրդ է տալիս գիտելիքի նկատմամբ սերը վաղ հասակից խրախուսել և Իսրայելում իրականացվող մոդելը կիրառել նաև Հայաստանում:
«Գիտությունը մանկապարտեզից սկսած պետք է դասավանդել: Ես այս մասին ասացի ռադիոյով, և քաղաքապետը կանչեց իր մոտ ու ֆինանսավորեց ծրագիրը: Հայֆա քաղաքում մենք մանկապարտեզներում գիտություն ենք դասավանդում»,-նշեց նա`հավելելով, որ Իսրայելում հույս ունեն, որ այս երեխաներից շատերը հետագայում գիտնականներ կդառնան:
«Միայն լավագույնները պետք է ուսուցիչ լինեն: Գիտեմ, որ դա ուտոպիա է`մանավանդ իմ երկրում: Բայց մենք պետք է ձգտենք հասնել դրան»,-ընդգծեց նոբելյան մրցանակի դափնեկիրը:
Դեն Շեխտմանը ծնվել է 1941թ. հունվարի 24-ին Թել Ավիվում, Իսրայել: Սովորել է Ռայթ-Փեթըրսեն ավիաբազայում, Ջոն Հոփքինսի համալսարանում, Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում և Այովայի պետական համալսարանում: Հայտնի է քվազի բյուրեղների ոլորտում կատարած հայտնագործության համար: 1982թ. ապրիլի 8-ին Շեխտմանը հայտնաբերեց իկոսաեդրի փուլը, որը քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացեց՝ 2011թ. դառնալով քիմիայի ոլորտում իսրայելցի 6 Նոբելյան մրցանակակիրներից մեկը: Նա այժմ Տեխնիոնի համալսարանի պրոֆեսոր է:
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ը: Մասնակիցներն են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, ԴենՇեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը:



