Արփինե Հովհաննիսյանը ՀԿ-ների ազատ գործունեության ապահովումը համարում է պետության գերակայություններից
ПОЛИТИКАՀայաստանի կառավարության և արդարադատության նախարարության կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է որպես հասարակական կազմակերպությունների զարգացման և ինստիտուցիոնալ օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Սա, իրականում, մեզ համար կարևոր նախաձեռնություն է, որովհետև բավականին լուրջ քայլեր են կատարված, որոնք էականորեն տարբերվում են դաշտում առկա կարգավորումներից։ Հասարակական կազմակերպությունները իրավունքի գերակայության և ժողովրդավարության, պետական տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներ կայացնելու գործընթացում հասարակության տարբեր շերտերի կարծիքն ապահովելու հարցում վճռական նշանակություն ունեն, ուստի հասարակական կազմակերպություններ ի ազատ ու արդյունավետ գործունեության իրականացման համար պատշաճ պայմանների ստեղծումը իրապես պիտի համարվի պետության կարևորագույն գերակայություններից մեկը»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով օրինագծի բովանդակային մասին՝ արդարադատության նախարարը մի քանի կարևոր շեշտադրումներ արեց․ «Առաջին հերթին կարևորում եմ առցանց գրանցման հնարավորությունը, որը մարզային հասարակական կազմակերպությունների ստեղծման ու ձևավորման գործընթացում էականորեն կթեթևացնի նրանց գործունեությունը։ Կարևոր է նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունը իրենց նպատակներին համահունչ կամ առևտրային կազմակերպություն հիմնելու, կամ այդպիսի կազմակերպության մասնակից դառնալու հնարավորությունը։ Թեև այս հարցը տևական ժամանակ քննարկվել է և տարատեսակ մեկնաբանույթունների առարկա դարձել, բայց, այնունհանդերձ, կարծում եմ, որ ֆինանսական կայունությունը հասարակական կազմակերպությունների թափանցիկությունն ապահովելու և անխոցելի լինելու տեսանկյունից չափազանց կարևոր է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի իրականացումը»։
Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ իր համար՝ որպես նախարար, այդ պաշտոնում նշանակվելուց հետո այս նախագիծը կյանքի կոչելը և այն առաջ տանելը եղել է կարևոր գերակայություններից մեկը։ «Այսօր շնորհակալ եմ տիկին Վարդանյանին այս լսումները կազմակերպելու համար, որովհետև նախագծերի փաթեթն իր բնույթով այնպիսին է, որ դրա վերաբերյալ բավականին երկար քննարկումներից հետո էլ, միևնույն է, անհրաժեշտություն կա լսել բոլոր շահագրգիռ կողմերին, որպեսզի կարողանանք ունենալ այնպիսի օրինագիծ, որը կբավարարի դաշտում եղած հասարակական կազմամերպությունների, բոլոր այն անձանց շահերը, ովքեր օրենքի դրույթներին այս կամ այն կերպ առնչվում են»,-եզրափակեց նախարարը։



