Նոր էսկալացիա տարածաշրջանում․ Իրանը սկսում է հրթիռային հարվածների նոր ալիք
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ ուղեկցվելով կոշտ հայտարարություններով, ռազմական գործողությունների ընդլայնմամաբ և դիվանագիտական ակտիվ շփումներով։ Տարածաշրջանում զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտության դադարեցման մեխանիզմներ առայժմ չեն երևում, մինչդեռ միջազգային դերակատարները փորձում են տարբեր ձևաչափերով ազդել իրավիճակի վրա։ Թուրքիան այս փուլում պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ Անկարան փորձում է Թեհրանին համոզել դադարեցնել հարձակումները Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմաբազներ։
Ֆիդանի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության շարունակական աճը կարող է ավելի լայն անվտանգության սպառնալիքներ առաջացնել։ Միևնույն ժամանակ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա կասկած է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ողջ լինելու վերաբերյալ՝ նշելով՝ եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի քայլ կատարի իր երկրի համար և հանձնվի։
Իրանի պաշտոնական դիրքորոշումը, սակայն, մնում է կտրուկ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թեհրանին տրամադրվեն անվտանգության հստակ երաշխիքներ և փոխհատուցում վճարվի։ Նրա խոսքով՝ այս պահին պատերազմը դադարեցնելու կոնկրետ նախաձեռնություններ դեռևս չեն ներկայացվել։ Այս ֆոնին Իրանը հայտարարել է հրթիռային հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին, որն ուղղված է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին, ինչպես նաև հրամանատարական և վերահսկողական կենտրոններին։
Դիվանագիտական մակարդակում նույնպես շարունակվում են քննարկումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ձևավորելով միջազգային կոալիցիա, որը նպատակ ունի համախմբել ուժերն ու միջոցները և ապահովել նավագնացության անվտանգությունը տարածաշրջանում՝ հատկապես Հորմուզի նեղուցում աճող լարվածության պայմաններում։ Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ և հնարավորինս արագ վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը հասկանա Իսլամական Հանրապետության դեմ իր ագրեսիայի սխալը։ Այսպիսով, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ռազմական գործողությունների ակտիվացումը, կոշտ հայտարարությունները և դեռևս չձևավորված դիվանագիտական լուծումները վկայում են, որ հակամարտության հանգուցալուծման ճանապարհը շարունակում է մնալ բարդ և անորոշ։
Ալիտա Եղիազարյան
Հետևեք մեզ՝ այստեղ



