Հրանտ Մաթևոսյանի արվեստը գնահատողները ծաղիկներ են դրել նրա շիրիմին
ОБЩЕСТВОՀայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը նրա արվեստը գնահատողներն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ դնելու մտավորականի շիրիմին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:
«Մենք միշտ պանթեոն ենք գնում` ծննդյան, մահվան օրը լինի, թե ուղղակի այցելություն է կազմակերպվում: Մեզ հետ էին մեր համախոհները, ովքեր հիշել էին և կարողացել էին գալ: Ողջունելին մտավորականության և քաղաքական որոշ գործիչների ներկայությունն էր: Բոլորս Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներն ենք»,-շեշտեց նա:
Ավելի վաղ Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրել էր, որ Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները պետք է հրատարակվեն երկհատոր գրքով: «Արմենպրես»-ի հարցին` գրքի հետ կապված ի՞նչ նորություններ կան, գրողի որդին պատասխանեց.
«Այդ ուղղությամբ աշխատանքներն անում ենք, շուտով գրքի մակետը կհանձնենք ՀՀ մշակույթի նախարարությանը, հետո կսպասենք հրատարակչական ծախսերի հատկացմանը: Կարծում եմ` մինչև տարեվերջ կունենանք»:
Նրա խոսքով` անտիպները մոտավորապես 1000 էջ են կազմում: «Դրանից բացի ունենք օրագրային նշումներ, նամակներ, որոնց վերծանման, ապա հրապարակել-չհրապարակելու էթիկական կողմի քննարկումներ պետք է անենք, որովհետև անդրադարձեր կան իրանությանը և ժամանակակիցներին, որոնց մասին վաղ է խոսելը»,-հավելեց Դավիթ Մաթևոսյանը:
Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան: Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:



