Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով. ՇՄ նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ էմիրություններում` Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցության նպատակով: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար տիկին Ամնա ալ Շամսիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Զրույցի հիմնական առանցքում էր նաև Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming–Montreal Global Biodiversity Framework)։
Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, նախարարը կարևորել է այդ փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։
Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։
Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների նախարարությունների միջև ստորագրված հուշագրին, որի շրջանակում արդեն իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված`
- կլիմայի փոփոխության դեմ պայքարին.
- կենսաբազմազանության պահպանությանը.
- շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը.
- վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը.
- բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը.
- էկոտուրիզմի զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



