Փաշինյանը սաստկացնում է եկեղեցու դեմ հետապնդումները
АНАЛИТИКАՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնացել անփոփոխ։ Դատավորը կմկմալով և շփոթված կարդացել է վճիռը և դուրս փախել դահլիճից։ Իշխանության զավթման կոչերի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ դատախազը 2․5 տարի էր պահանջել։ Վճիռը Միքայել Աջապահյանն ընդունել է ժպիտով։ Նա մեղադրանքը չի ընդունում, և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։
Դատապարտող հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Ի դեպ, փաշինյանական իշխանությունը Մայր Աթոռի դեմ միայն դատական վճիռներով չէ, որ փորձում է պայքարել։ Քպ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։
«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծով, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։
Հանրային հեռարձակողներ են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։ Արդեն մեկ տարուց ավելի գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում «Շողակաթը» փակելու համար։ Նշենք, որ հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ՝ պետբյուջեից վճարելով 220 միլիոն դրամ։ Այժմ գումարները տնտեսելու պատրվակի տակ ցանկանում են փակել ընդհանրապես «Շողակաթը»։
Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության այս համառ և հետևողական քաղաքականությունը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլև մեծամասամբ բացատրվում է գործող իշխանությունների հոգևոր սնանկությամբ։ Վաղուց մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործող իշխանության մեջ բազմաթիվ աղանդավորներ կան և, ըստ ամենայնի, հենց նրանք էլ կանգնած են Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի թիկունքում։
Աննա Համբարձումյան



