«էմոցիաները հասան գագաթնակետին». «Շնորհավոր, աղջիկ է»․ Ելենա Արշակյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ հուզումների ներքո
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կինոմոսկվա»-ում կայացավ Ելենա Արշակյանի նոր՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերան, որը հուզեց ոչ միայն հանդիսատեսին, այլև հենց դերասաններին, ովքեր նկարահանման ընթացում հոգեբանական բավական բարդ փուլ են հաղթահարել:
Սեռը չի կարող և չպետք է դատավճիռ լինի. սա է ֆիլմի հիմնական ասելիքը:
Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, գլխովեր հերոսներին մարմնավորում եմ Նարե Հայկազյանը, Անահիտ Մանուկյանը, Հարութ Արշակյանը, Էմմա Սապունջյանը, Արմեն Էլբակյանը, Անահիտ Մսրյանը և այլք:
Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել Tert.am Life-ը, առանձնացրել երեկոյի ամենակարևոր դրվագները:
Դերասանուհի Նարե Հայկազյանն, ով հանդիսատեսի հետ առաջին անգամ ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցավ, անկեղծացավ, որ այն դիտելուց հետո իր զգացումները բոլորովին այլ երանգ ստացան․
«Սցենարը կարդալուց արդեն մեծ հուզում ապրեցի, բայց ֆիլմը նայելուց հետո կյանքին նոր հայացք ունեցա։ Այն ինձ համար դարձավ մի տեսակ խոստովանություն ու ապաշխարանք։ Կերպարը շատ ծանր էր, սակայն համոզված եմ՝ կարևոր էր այս խոսքը բարձրաձայնել։ Չեմ ուզում, որ որևէ մեկը զոհ դառնա սխալ որոշումների հետևանքով։ Մարդկանց պետք է սովորեցնենք սիրել և սատարել միմյանց։ Հիշում եմ, առաջվա Երևանում հղի կանանց բոլորը ճանապարհ էին տալիս, երթուղայինի մեջ տեղ էին հատկացնում։ Կուզեի, որ այդ գեղեցիկ սովորույթները վերադառնային»,- նշեց դերասանուհին:
Դերասանուհի Անահիտ Մանուկյանը ևս նշեց, որ իր հույզերը կրկնապատկվել են նկարահանումների ընթացքում․
«Սցենարը կարդալուց արդեն զգում էի թեմայի ծանրությունը, բայց որոշ տեսարաններում էմոցիաները հասան գագաթնակետին։ Հիմա՝ դիտելիս, ավելի համոզվեցի, որ ֆիլմն իր նշանակետին կհասնի։ Այն կարևոր է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար։ Ֆիլմի գլխավոր պատգամը պարզ է՝ երեխայի սեռը չի որոշում նրա արժեքը։ Ցավոք, այսօր էլ շատերն արժևորվում են միայն սեռով։ Մենք պետք է կոտրենք այդ թունավոր կարծրատիպը, և եթե այս ֆիլմը թեկուզ մի փոքր փոխի մտածողությունը, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի»,- ընդգծեց Անահիտը:
Գլխավոր հերոսին մարմնավորող Հարութ Արշակյանը շեշտեց, որ տղամարդու դերը նման իրավիճակներում վճռորոշ է․
«Ֆիլմում իմ կերպարը սկզբում սխալ որոշում է կայացնում, բայց հետո հասկանում է ճշմարիտը։ Ես էլ հիմա սպասում եմ իմ դստերը, ով կծնվի մեկ ամսից։ Կարծում եմ՝ միակ ճիշտ որոշումը երեխային կյանք տալն է։ Սեռը դատավճիռ չէ։ Երեխան պետք է ծնվի, ապրի խաղաղ երկնքի տակ ու մեծանա առողջ»,- կարծում է Հարութ Արշակյանը:
Պրեմիերային ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն, ով ֆիլմը դիտելուց հետո ընդգծեց․
«Սա շատ կարևոր թեմա է, որը դիպչում է յուրաքանչյուրի սրտին։ Հիանալի դերասանների խաղի շնորհիվ կարողացանք ավելի խորը զգալ այն, ինչ ներկայացված էր»։
Ֆիլմի պրեմիերան դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև հարթակ՝ քննարկելու հասարակության մեջ դեռ առկա ցավոտ խնդիրը․ երեխայի սեռի պատճառով արված սխալ ընտրությունը։
Ելենա Արշակյանի ֆիլմը հորդորում է սիրել, սատարել և ամեն նոր կյանքի մեջ տեսնել Աստծո պարգևը։




















































