«Մարմնավորում եմ մի կնոջ, ում որդին հայտնվել է բանտում և վտանգավոր միջավայրում». Նելլի Խերանյանը՝ կրիմինալ ժանրում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Նելլի Խերանյանը վերջին շրջանում հրաժարվում է հարցազրուցներ տալ: Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես համաձայնեց նկարահանվել կրիմինալ ժանրում, ինչով գրավեց «Վենդետա» ֆիլմն ու ինչ կերպար է մարմնավորելու:
«Ինձ համար ժանրը բացարձակ կարևոր չէ, որովհետև կրիմինալ ժանրը ևս ապրելու իրավունք ունի: Նայած դրան ինչպես ես մոտենում, լուծումն ինչպես ես տալիս և ինչ կոնցեպցիայով ես նկարում: Այս դերն ինձ դուր եկավ, որովհետև վերջին շրջանում այդ հոգեվիճակն առանձնապես չէի ունեցել և ինձ հետաքրքիր էր: Բացի այդ, ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ վաղուց չէի աշխատել և ուզում էի աշխատել: Դերասանական կազմն ինձ դուր եկավ և ըստ էության սա իմ աշխատանքն է»,- անկեղծացավ Նելլի Խերանյանը:
Դերասանուհու համար մի քանի կարևոր պայման կա դերին համաձայնելու, որոնք այս դեպքում համընկնում էին:
«Գիտեմ, որ վերջին շրջանում կրիմինալ ժանրի վրա հարձակում կա, բայց աշխարհում շատ են նկարում կրիմինալ ժանրի և՛ սերիալներ, և՛ ֆիլմեր, և՛ մինի սերիալներ: Դա նայողն ու ընդունողը միշտ կա:
Ամենակարևորը՝ ինչ ես դրանով սովորեցնում: Կրիմինալ ժանրի ամենահանճարեղ ֆիլմը «Կնքահայրը» ֆիլմն է, որը մինչ օրս ակտուալ է: Թող կոպիտ չհնչի, ցավոք, մեր հանդիսատեսը մի քիչ անգրագետ է այս հարցում: Հանդիսատեսը միայն իրադարձությունն է նայում, չի նայում, թե ինչո՞ւ եղավ և ի՞նչ էր սա մեզ սովորեցնում: Մեր հանդիսատեսը սովորել է նայել կարճ ու կոնկրետ, ստատուս կամ տեսահոլովակ: Ես հաճախ եմ լինում տաքսիների մեջ և վարորդների հետ զրույց եմ ունենում սերիալային դաշտի հետ կապված: Չգիտեմ քանի հոգու եմ փորձել համոզել և սովորեցրել՝ նայել սկզբից մինչև վերջ և հասկանալ, թե վերջում ինչ եղավ նրա հետ, ով ստեղծեց այս քաոսը»,- պատմեց դերասանուհին:
Նելլի Խերանյանը նշեց, որ իր համար սա հետաքրքիր աշխատանք է: Թիմը շատ լավն է և հաճելի է աշխատել նրանց հետ: Մի քանի օր է եղել նկարահանման հրապարակում, որտեղ հաճելի մթնոլորտ է, կազմակերպված և պրոֆեսիոնալ:
Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց, որ մարմնավորում է մի կնոջ, ում տղան միայն ճակատագրի բերումով հայտնվել է և՛ բանտում, և՛ չափազանց վտանգավոր միջավայրում. «Մի տղա, ով ստացել է չափազանչ լավ դաստիարակություն, ազատամարտիկի որդի է: Մարմնավորում եմ մոր կերպարն, ով իր ողջ կյանքը նվիրել է ամուսնուն, որն այլևս չկա և որդուն: Հանուն նրանց է ապրում»,- պատմեց դերասանուհին ու հավելեց, որ վաղուց էր ուզում նման կնոջ մարմնավորել:
«Գուցե սա այն դեպքը չէ, որ լիարժեք է, ինչ կուզեի, բայց մեծ երազանք ունեմ խաղալու մի դեր, որով ցույց կտամ հայ կնոջ տառապանքները, ապրած կյանքը, նվիրվածությունն ընտանիքին՝ ամուսնուն և երեխաներին: Դեր, որով ամբողջովին կկարողանամ ներկայացնել հայ կնոջ ուժը, խեղճությունը, լացը, երջանկությունը... Տա Աստված այդ ցանկությունս իրականութուն դառնա»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:
Դերասանուհին խոստովանեց, որ հաճույքով է գնում նկարահանման հրապարակ և աշխատանքն իր համար միշտ հաճելի է: «Սա իմ ապրելու միջոցն է: Հաջողություն եմ մեզ մաղթում, հանդիսատեսին՝ բարի դիտում և ընկալելու հնարավորություն»,- ամփոփեց Նելլի Խերանյանը:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին




















































