ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սոցիալական աշխատողի ինսիտիտուտի կայացումը, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու գնահատված կարիքին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը: Հանդիպմանը քննարկվել է նաև բազմաստիճան կենսաթոշաային համակարգը:
Դեսպան Թիան Էրլունը բարձր է գնահատել ոլորտում իրականացվող բարեփոխումները, հատկապես ընդգծել է կենսաթոշակային նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ բավական ուսումնասիրել է համակարգը և գնահատում է դրա արդյունավետությունը: Դեսպանը հետաքրքրվել է նաև երիտասարդների զբաղվածության խնդիրներով:
Զբաղվածության ոլորտում իրականացվող նոր քաղաքականությունը ներկայացնելիս՝ նախարարն ընդգծել է, որ այն հիմնականում ուղղված է երիտասարդների զբաղվածության ապահովմանը: «Զբաղվածության պետական տասնմեկ ակտիվ ծրագրեր են այսօր իրականացվում, որոնք վերապատրաստում, վերաորակավորում են երիտասարդներին և անմրցունակ անձանց աշխատաշուկայում իրենց տեղն զբաղեցնելու համար : Շուրջ 17 հազարանձ այսօր ապահովված է կայուն և ժամանակավոր զբաղվածությամբ նշածս պետական զբաղվածության ծրագրերով»,- նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեսպանը Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանատունը պատրաստակամ է սոցիալական ոլորտում ամրապնդել համագործակցությունը և կայունացնել գործընկերային հարաբերությունները: