Ֆրանսիայում գործող հայ կոմպոզիտորը Հյուգոյի ստեղծագործության հիման վրա օրատորիա է գրում
ОБЩЕСТВОՖրանսիայում գործունեություն ծավալող երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Սուրեն Շահիջանյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային մակարդակի կոլեկտիվ է համարում: Շահիջանյանը դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում որպես դիրիժոր ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ մասնակցելու է Ֆիլհարմոնիկի և «Հովեր» երգչախմբի համատեղ Ամանորի և Սուրբ ծննդյան համերգին:
«Ինձ համար անակնկալ էր համերգին մասնակցելը, մաեստրո Թոփչյանն առաջարկեց, նոտաները տվեց, համաձայնեցի, շատ եմ սիրում երաժիշտներին, նվագախումբը, մեծ մասն իմ ընկերներն են: Ֆիլհարմոնիկը շատ բարձր, միջազգային մակարդակի նվագախումբ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Շահիջանյանը:
Իր հայաստանյան այցի ընթացքում Շահիջանյանը վարպետության դաս անցկացրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: «Ես շատ երջանիկ էի, որ թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Մհեր Նավոյանը առաջարկեցին վարպետության դաս ունենալ թանգարանում: Այս թանգարանը հրաշք է: Վարպետության դասի մասնակիցների ընդհանուր մակարդակը միջինից բարձր է: Ոչ մեկը չկա, որ գեղեցիկ ձայն չունենա: Դա երևի մեր ժողովրդի տաղանդն է: Որոշակի ուղղելու բաներ կան, աշխատելու դեպքում կարելի է շտկել: Օրինակ` իտալերեն կամ ֆրանսերեն լավ խոսելը չի նշանակում, որ լավ հնարավոր է երգել. երգեցողության մեջ տարբերվող բաներ կան»,-նշեց նա:
Սուրեն Շահիջանյանն այս տարի Փարիզում ներկայացրել է իր նոր «Պարտեզի տերը» օպերան: «Լիբրետոն ֆրանսերեն է գրել Դանիելա Դալոզը, շատ սիմվոլիկ և խորը իմաստ ունի: Հին հայկական հեքիաթ է` այգին մարդն է, հարց է ծագում, ով է այգու տերը: Դեմ չէի լինի, որ Հայաստանում ներկայացվեր: Արձագանքները շատ լավ էին, եթե արդեն հասել է պրեմիերային, ուրեմն շատ լավ է»,-շեշտեց նա:
Դիտարկմանը, թե երգչին Հայաստանում հաճախ չենք տեսնում, Սուրեն Շահիջանյանը պատասխանեց. «Այստեղի ամենալավ երաժիշտներն իմ ընկերներն են, ես Հայաստան գալու խնդիր չունեմ, հրավերի կարիք չունեմ, շատ հաճախ էի գալիս այստեղ. վերջին մի քանի տարին օպերան էի գրում, Կոնսերվատորիայում եմ դասավանդում, շատ չեմ հասցնում: Ինչքան շատ գամ Հայաստան` այնքան լավ: Ես ինձ չեմ համարում Հայաստանից կտրված. այդպես հնարավոր չէ»:
Երգիչը նախընտրում է հանդես գալ մենահամերգներով: «Շատ հաճախ եմ մենահամերգ ունենում, 21 մենահամերգի ծրագիր ունենք, երգում եմ նաև Գերմանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում: Նաև երգչախումբ ունեմ»,-շեշտեց նա:
Սուրեն Շահիջանյանը փաստում է` Ֆրանսիայում տաղանդավոր երաժիշտներ շատ կան: «Խնդիր կա, որ մշակույթը մի քիչ անտեսված է վերջին տարիներին, քաղաքական իրավիճակի հետ կապված, բայց դե Ֆրանսիան մեծ մշակույթ ունեցող երկիր է. չի կործանվի: Ֆրանսիայում շատ հայտնի արվեստագետներ ունենք: Եթե երգիչների մասին խոսենք, ունենք Ջուլիետ Գալստյան, Լիանա Հարությունյան: Էլ չեմ խոսում երաժիշտենրի մասին»,-ընդգծեց նա:
Այժմ կոմպոզիտորը Վիկտոր Հյուգոյի «Սատանայի վերջը» ստեղծագործության հիման վրա մեծ օրատորիա է գրում: «Այն Թոփչյանին պետք է տամ, որ այստեղ նվագեն: Պրեմիերան այստեղ է լինելու, եթե հասցնեմ, հաջորդ տարի: Մյուս անգամ Երևան գալուց մենահամերգ եմ ունենալու հենց Կոմիտասի թանգարանի այս սրահում»,-եզրափակեց Սուրեն Շահիջանյանը:



