Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նարդին ներկայումս բավականին տարածված խաղ է, որը խաղում են ինչպես տանը, բակերում, այլև համացանցում: Նարդի խաղի ծագման պատմությունը մոտ 5 հազարամյակ ունի: Սակայն, պատմաբանների կարծիքով, հնարավոր է, որ այն ավելի հին է: Նարդու ամենահին տախտակը հայտնաբերվել է Իրանում, և այն թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Նմանատիպ խաղ է գտնվել նաև փարավոնների դամբարաններում: Թեև նարդին արևել յան արմատներ ունի, բայց այդ խաղի ժամանակակից տարբերակը, որին ծանոթ ենք հիմա, մշակվել է Եվրոպայում 18-րդ դարում:
Խաղը ունի երկու հիմնական տարբերակ՝ երկար նարդի և կարճ նարդի: Սկզբնապես երկար նարդու կանոնները առաջացել են Արևելքում: Այնուհետև դրանք հայտնի են դարձել եվրոպական երկրներում, բայց ենթարկվել են որոշ փոփոխությունների, և հայտնվել է կարճ նարդին: Նարդու կանոնները բավականին պարզ են: Նարդին խաղում են երկու խաղացողով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր գույնի տասնհինգ խաղաքար, որոնք ըստ երկու զառերի ցույց տված թվերի պետք է շարժել 24 (48) բաժին պարունակող ուղղանկյունաձև խաղատախտակի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախտակից: Նարդին ընդգրկում է թե՛ ռազմավարական հմտություններ, թե՛ բախտ (կախված զառերից):
Ընդամենը մեկ խաղ խաղալու դեպքում խաղացողի հաղթելու հավանականությունն ավելի շատ կախված է զառերից, մինչդեռ հաճախ խաղալու դեպքում խաղացողը կարող է փորձ կուտակել և հասնել ավելի լավ արդյունքի՝ պոկերի նման: Զառերի յուրաքանչյուր նետումից հետո խաղացողները պետք է բազմաթիվ տարբերակներից ընտրեն մեկը և շարժեն խաղաքարերն իրենց ուզած ձևով՝ կանխատեսելով հակառակորդի հնարավոր հակահարվածները: Զառերի ցույց տված զույգ թվերը՝ 2x2, 4x4 և այլն, խաղացողին հնարավորություն են տալիս կրկնապատկել քայլերի թիվը: Ինչպես շախմատը, նարդին ևս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվել է համակարգչային գիտնականների կողմից: Այս ուսումնասիրության շնորհիվ ստեղծվել են նարդի խաղալու առցանց ծրագրեր, որոնք ի վիճակի են հաղթել համաշխարհային կարգի խաղացողների:
Բացի այդ, կան խաղի հատուկ ակումբներ, որոնք կազմակերպում են մրցումներ և անգամ միջազգային մրցաշարեր: Այս խաղն առավել տարածված է Կենտրոնական Ասիայում, Արևելքի և նախկին ԽՍՀՄ-ի երկրներում: Բացի կարճ և երկար նարդուց, ստեղծվել են այդ խաղի այլ տարատեսակներ ևս: Օրինակ «Էյսի-դոյսին» նարդու մի տարատեսակ է, որտեղ խաղը սկսվում է առանց խաղադաշտում որևէ խաղաքար ունենալու, և խաղացողները պետք է հերթով դրանք մտցնեն խաղի մեջ:
Բացի դա, գոյություն ունի «Նաքգամոնը», որը ստեղծել է Նիք Բոլարդը, և որտեղ խաղի մեկնարկային դիրքում հինգի փոխարեն չորսական խաղաքարեր են դրվում, իսկ հավել յալ երկու խաղաքարերը դրվում են հակառակորդի 23-րդ դաշտում, կա նաև «Ռուսական նարդին», «Գյուլ Բարան», որը հիմնականում տարածված է Թուրքիայում, «Քոան Կին»-ը՝ չինական տարբերակը, «Պլակոտոն», «Ֆևգան» և «Պոռտեսը», որոնք հունական ծագման են: Հայաստանում տարածված է «կարճ» և «երկար» նարդին: Վերջերս Հայաստանում սկսել են պատրաստել նարդու նոր տեսակ, որը խաղում են երեքով. այս դեպքում նարդու տախտակն էլ որոշակիորեն տարբերվում է սովորականից և ունի ոչ թե չորս, այլ վեց հարթակ:




















































