«Օնլայն տիրույթում պետք է շատ լինեն ուսուցողական հարթակները»
ОБЩЕСТВОՀամացանցային տիրույթում կան տարաբնույթ խմբեր: Մի դեպքում գնում ու վաճառում են ապրանքներ, մյուս դեպքում ներկայացնում են արվեստի գործեր, մեկ այլ դեպքում էլ անեկդոտներ են պատմում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում կա «Հին լուսանկարներ» խումբը, որն արդեն ունի 3 տարվա պատմություն: Խմբի ստեղծող Ստեփան Կակոսյանը Past.am-ի հետ զրույցում ասում է՝ բնույթով պրպտող մարդ է: «Նախքան խմբի ստեղծումը տարաբնույթ լուսանկարներ էի հրապարակում իմ անձնական էջում: Այդ ընթացքում նկատում էի, որ հետաքրքրություն կա հին լուսանկարների հանդեպ: Ընկերներիս շրջանակը մեծ չէր, որոշեցի մի խումբ ստեղծել, որ բոլոր հետաքրքրվողները հնարավորություն ունենան տեսնել այդ լուսանկարները, մեկնաբանել և տարածել»,-ասում է Ստեփանը:

Նշում է՝ խմբի ստեղծման ամենանախնական փուլում այնտեղ քննարկումներ չէին լինում, իսկ խմբի մասնակիցների մոտ էլ տպավորություն էր, թե այդտեղ լուսանկարներ պետք է տեղադրի միայն խումբը ստեղծողը: «Ինձ ուղարկում էին լուսանկարները, խնդրում հրապարակել, բայց ես ասում եմ՝ լուսանկարը տեղադրեք, ես միայն կհաստատեմ այն, քանի որ խումբն ունի որոշակի պարտադիր կանոններ, որոնց պետք է հետևեն բոլոր մասնակիցները»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ սկզբնական շրջանում տեղադրում էին լուսանկարներ, որոնք առնչվում էին ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի նշանավոր մարդկանց ու իրադարձություններին: «Սակայն հետագայում հասկացա, որ մարդկանց, կարծես թե, այնքան էլ հետաքրքիր չէր այն, ինչ վերաբերում էր ոչ հայկական իրականությանը: Նկատեցի, որ մարդկանց հետաքրքրությունների շրջանակը գնալով նեղանում է և սկսեցինք տեղադրել բացառապես հայերին ու Հայաստանին վերաբերող լուսանկարներ ու տեղեկատվություն: Լուսանկարը պարտադիր է, մի քանի տողով մեկնաբանությունն էլ՝ ցանկալի, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են պատկերված լուսանկարում, որտեղ է այն արվել, եթե կա հետաքրքիր պատմություն, նաև դա տեղադրվի: Պարտադիր է նաև լուսանկարը տեղադրելիս նշել, թե ինչ աղբյուրից են օգտվել, պահպանում ենք հեղինակային իրավունքները»,-ասում է խմբի ստեղծողը:

Ստեփանը կարևորում է, որ օնլայն հարթակում շատ լինեն ուսուցողական հարթակները: «Այսօր շատ մարդիկ օգտվում են այս խմբից, լուսանկարների օգնությամբ նաև տարաբնույթ տեղեկատվություն են ստանում, իսկ սա շատ կարևոր է»,-եզրափակում է Ստեփան Կակոսյանը:
Լուսինե Առաքելյան




