Սրճեփ. իսկ դուք ո՞ր տեսակն եք նախընտրում
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչև գիտատեխնիկական հեղափոխությունը սուրճի սիրահարները սուրճ են պատրաստել այնպես, ինչպես արաբները: Սուրճը եփել են մետաղական իրերի մեջ, որոնց անվանումն է տուրկա (համշենահայերենով սրճեփը կոչվել է ջազվա և այդպես էլ մտել է ժողովրդական լեզու): Այդ տարողության շնորհիվ կարելի էր բավականին արագորեն ջուր եռացնել կրակի վրա:
Չնայած ներկայումս էլ տուրկա օգտագործում են, բայց այն արդեն կոչվում է գազօջախային սրճեփ: Այնուամենայնիվ, այդ եղանակով անգամ մեկ գավաթ սուրճ պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում, իսկ կյանքը աստիճանաբար դառնում է ժամանակի առումով անհամեմատ դինամիկ:
Առաջին սրճեփ հորինելուն մղել է այդ ըմպելիքի պատրաստումը պարզեցնելու հրատապ անհրաժեշտությունը: Իսկ առաջին կաթիլային սրճեփի (երբ եռացող ջրի կաթիլներն անցնում են ֆիլտրի միջով, որտեղ գտնվում էր աղացած սուրճը) գյուտարարը Ֆրանսիայի արքեպիսկոպոս դե Բելոուինն է, որն այն ստեղծել է 1800 թվականին:
Սարքը ստացել է «կաթիլային սրճեփ» անվանումը: Դրանից հետո մարդկությունն արդեն անդիմադրելիորեն ներգրավվել է այս սարքի բարելավման ուղղությամբ ընթացող աշխատանքներին: 19 տարի անց թիթեղագործ Մորիսին հաջողվել է բարելավել այս սրճեփի կառուցվածքը: Նրա հորինած կրկնակի սրճեփը պտտվող էր, որն էլ հնարավորություն էր տալիս ստանալ ավելի թունդ սուրճ:
Կաթիլային սրճեփի հայտնագործությունից հետո հայտնագործվել է ֆիլտրացիոն սրճեփը: Իսկ առաջին գեյզերային սրճեփ ստեղծվել է 1827 թվականին: Այդ սարքի օգտագործման հետ կապված զարմանալի արդյունք է ստացվել աղացած սուրճի միջով տաք ջրի կամ գոլորշու կրկնակի անցկացնելը, և այդ արդյունքը եղել է հրաշալի սուրճը:
1840 թվականից հետո գեյզեր սրճեփը վերափոխվել է վակուումային սրճեփի, որը սակայն լայնորեն չի օգտագործվել: Կոմպրեսիոն տիպի առաջին սրճեփն արտադրվել է 1855 թվականին: Այդ սարքում ջրի տաք գոլորշին անցնում էր սուրճի զանգվածով բարձր ճնշման տակ: Իտալացի Լուիջի Բեցցերան 1901 թվականին արտոնագրել է սրճեփ, որով սկսել են էսպրեսսո սուրճ պատրաստել բարերում:
Մխոցային էսպրեսսո-սրճեփ է ստեղծել Աչիլլես Գագիան 1945 թվականին: Այդ սրճեփը օգտագործելու դեպքում առաջացած բարձր ճնշումը նպաստում է սուրճի փրփուրի հաստ շերտի ձևավորմանը:
Բնականաբար, առաջին սրճեփները ավելի շատ թերություններ են ունեցել, քան առավելություններ: Առաջին թերությունը եղել է այն, որ սրճեփի մեջ պատրաստված ըմպելիքը չի կարողացել պահպանել օգտագործվող սուրճի հատիկների բույրն ու համը: Սրճեփների երկրորդ թերությունը նրանց պայթյունավտանգությունն էր:
Խնդրահարույց էր ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող սուրճի օպտիմալ քանակի որոշումը, գոլորշիների ճնշումը և պատրաստման ջերմաստիճանը: Միայն փորձերի շնորհիվ է հնարավոր եղել հասկանալ, որ 86-93 աստիճանի ջերմաստիճանը իդեալական է էսպրեսսո սուրճ պատրաստելու համար, իսկ ճնշումը չպետք է իջնի 9 մթնոլորտից ցածր: Ժամանակակից սրճեփների հնարավորությունները հսկայական են:
Դրանք կարող են պատրաստել ոչ միայն էսպրեսսո սուրճ, այլ նաև տարբեր կոկտեյլներ, անգամ հարել կաթը կապուչինոյի համար: Բնականաբար, սրճեփների նման բազմազանությունը սուրճ պատրաստելը դարձրել է ավելի հեշտ:




















































