Հայաստանը, Ռումինիան ու Հոնդուրասը. ո՞ր երկրներում է արտակարգ դրությունը զուգորդվում գրաքննությամբ
ОБЩЕСТВО«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է 13 երկրի փորձ եւ պարզել, որ դրանցից միայն 2-ի պարագայում են արտակարգ դրության մասին որոշումները ներառում գրաքննության մասին կետ։
Ինչպես հայտնի է, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում հայտարարեց արտակարգ դրություն՝ պայմանավորված Նոր կորոնավիրուսի պանդեմիկ տարածման հետ: Որոշմամբ սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատությունը: Մարտի 19-ի որոշմամբ գրաքննությանը վերաբերող հատվածը որոշակիորեն փոփոխվեց:
Առայժմ չքննարկելով որոշմամբ սահմանված գրաքննության հետևանքները (այդ թվում՝ իշխանության տարածած տեղեկատվության նկատմամբ հանրային վստահության առումով), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել այլ երկրներում Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությամբ խոսքի ազատության սահմանափակումները:
Այս պահին ուսումնասիրվել է 13 երկիր։ Այս երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով և իրավական ակտերով։
Ուսումնասիրված երկրներից միայն Ռումինիայի և Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ (Հոնդուրասին անդրադարձել է նաև CPJ-ին՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն)։
Առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում:
Իսկ Պորտուգալիայի դեպքում նույնիսկ ավելին՝ որոշմամբ հատուկ նշվում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակման անթույլատրելիության մասին։
Ստորև՝ մարտի 20-ի դրությամբ ուսումնասիրված երկրների ցանկը (որոշումների ամսաթվերով և հղումներով):
ԱՄՆ – 13/03/2020
Իտալիա – 31/01/2020
Իսպանիա – 14/03/2020
Ղազախստան – 15/03/2020
Բուլղարիա – 13/03/2020
Ռումինիա – 16/03/2020 (Տես՝ Art. 54-ն իր ենթակետերով`գրաքննության մասին)
Հունգարիա – 11/03/2020 (Տես՝ նաև այստեղ և այստեղ)
Չեխիա – 12/03/2020
Սլովակիա 16/03/2020 (Տես՝ նաև սա)
Սերբիա – 15/03/2020
Պորտուգալիա – 18/03/2020 (Տես՝ կետ 5.2-ը, որը հատուկ շեշտում է, որ արտակարգ իրավիճակը չի կարող անդրադառնալ խոսքի ազատության վրա)
Հոնդուրաս – 18/03/2020
Մակեդոնիա – 18/03/2020
Ուսումնասիրությունը շարունակվում է: Ցանկն առավել ամբողջական վիճակում ունենալուն պես՝ կհրապարակենք այն»,- ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում։



