Սահմանադրական բարեփոխումներից հետո կվերանան անվտանգության ապահովման առկա ռիսկերը. Արման Սաղաթելյան
ПОЛИТИКАՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրված նախագծի ընդունման դեպքում վերանալու են երկրի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր են գործող համակարգում: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի PR ասոցացիայի նախագահ Արման Սաղաթելյանը: «Մեր գործող Սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է: Նա է կառավարում զինված ուժերը, համակարգում պաշտպանական ոլորտը: Նախագահն ըստ Սահմանադրության պատասխանատու է, սակայն բյուջեն քննարկում և հաստատում է Ազգային ժողովը: Իսկ գործադիր իշխանությունը պետք է ապահովի զինված ուժերի գործողությունները: Մենք մինչ օրս այդ խնդրի առաջ չենք կանգնել, որովհետև երկրի նախագահը միշտ խորհրդարանում ունեցել է մեծամասնություն, վարչապետը ևս նրա թիմից է եղել: Սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ այդպես չէ: Երկրի նախագահը պետք է որոշումներ կայացնի և ղեկավարի պաշտպանական ոլորտը, իսկ խորհրդարանը, որտեղ մեծամասնությունն այլ կուսակցություն է, պետք է բյուջեն հաստատելուց ասի` ի՞նչ ենք անում այս պաշտպանական ծախսերը, եկեք այդ փողը տանք անօթևան կատուներին պահելու համար: Իսկ վարչապետն էլ այդ պահին ասում է, որ ի վիճակի չէ մոբիլիզացնել տնտեսությունը պատերազմ վարելու համար: Այս դեպքում ինչպե՞ս է նախագահը համակարգելու պաշտպանական ոլորտը և որոշումներ կայացնելու»,-մանրամասնեց Սաղաթելյանը:
Նա հավելեց, որ առաջարկվող մոդելով նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որով հիմնականում գնում են բոլոր խորհրդարանական երկրները, մասնավորապես, Իսրայելը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններին ամենամոտը Իսրայելի մոդելն է, որը ստեղծված օրվանից եղել է պատերազմի մեջ ու մինչև հիմա էլ պատերազմի մեջ է: «Պաշտպանական ոլորտը համակարգելու բոլոր կոլեգիալ որոշումները վերապահվելու են անվտանգության խորհրդին, որի ղեկավարը վարչապետն է: Այսօր մեր անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է, խորհուրդներ է տալիս ու որևէ այլ ֆունցկա չունի: Կա պա շտպանության նախարար` զինված ուժերի քաղաքական ղեկավարը, գլխավոր շտաբի պետը բարձրագույն զինվորական պաշտոնյան է, իսկ պատերազմական իրավիճակում այդ ամբողջ համակարգը ենթարկվում է վարչապետին: Այսինքն, սա պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ և տրամաբանական մոդելն է, քանի որ որոշումների կայացման ապահովումը մեկ մարմնում է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից է նախագահը, որ կուսակցությունն է խորհրդարանում մեծամասնություն, ով է նշանակել վարչապետին»,- ասաց Արման Սաղաթելյանը:
Նա նկատեց, որ այս պահին անվտանգության առումով լուրջ խնդիր կարող է առաջանալ, եթե հանկարծ ստացվի այնպես, որ նախագահն ու խորհրդարանի մեծամասնությունը լինեն հակառակ թևերի ներկայացուցիչներ: «Հիմա ական է դրված, որը մենք առաջարկում ենք վերացնել, որպեսզի պաշտպանական ոլորտը համակարգելու առումով մենք հակասություններ չունենանք»,- ընդգծեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ նախագահական և կիսանախագահական երկրներում նախագահն ու խորհրդարանը եղել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և դա հանգեցրել է ոչ ցանկալի հետևանքների: «Աշխարհում ռազմական հեղաշրջումները 8.5 անգամ ավելի շատ են նախագահական ու կիսանախագահական, քան խորհրդարանական երկրներում»,- եզրափակեց Արման Սաղաթելյանը:



