Պոլիէթիլենային փաթեթ. օգտակար միջոց, որի դեմ պայքարում ենք
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԺամանակակից ցանկացած մարդու «արշավը» սննդի կամ այլ իրերի գնման համար ենթադրում է պոլիէթիլենային փաթեթների (տոպրակ, պարկ) օգտագործում: Մարդիկ օգտագործում են ինչպես փոքր թափանցիկ, այնպես էլ ծավալային փաթեթներ, որոնք կարող են տանել ավելի քան տասը կիլոգրամանոց բեռներ:
Պոլիէթիլենային փաթեթների ստեղծման առաջին քայլը եղել է 19-րդ դարում բջջանյութի (ցել յուլոիդի) հայտնագործությունը: Սակայն այդ նյութն ուներ մի էական թերություն` պայթյունավտանգ էր:
Ցելյուլոիդն իր կիրառությունը գտել է ֆոտո-կինոժապավենների արտադրության մեջ: 20-րդ դարի սկզբին հայտնաբերվել է ցելոֆանը: Այն ուներ մի շարք առավելություններ, բայց պարզվել է, որ դրա արտադրությունը բավականին թանկ է:
Որոշ ժամանակ անց նորարարությունների շնորհիվ ցելոֆանը, բացի առաձգականությունից և թափանցիկությունից, ձեռք է բերել ևս մեկ կարևոր օգտակար հատկություն` անջրանցիկություն, որն էլ իդեալական էր դարձնում այն սննդի փաթեթավորման մեջ լայնորեն օգտագործելու համար:
Ցելոֆանե փաթեթները, չնայած աչքի չէին ընկնում ամրությամբ, բայց արտադրվել են մինչև 1957 թվականը: Ներկայումս Հայաստանում սովորաբար պոլիէթիլենային փաթեթին անվանում են «ցելոֆան», և պարզ է, թե որտեղից է գալիս այդ անունը:
1933 թվականին «ICI» քիմիական գործարանի աշխատակիցներ Էրիկ Ֆորսեթը և Ռեջինալդ Գիբսոնը աշխատել են ցելոֆանի որակը բարելավելու ուղղությամբ և արդյունքում փորձնական եղանակով առաջին անգամ ստացել պոլիէթիլենը, որը և օգտագործվում է ներկայումս: Սովորական պոլիէթիլենային փաթեթներ առաջին անգամ արտադրվել են 1957 թվականին ԱՄՆ-ում և նախատեսված են եղել սենդվիչներ, հաց, միրգ ու բանջարեղեն փաթեթավորելու համար:
1966 թվականին արդեն ԱՄՆ-ում արտադրվող հացաբուլկեղենի 30 %-ը փաթեթավորվում էր պոլիէթիլենային փաթեթներով:
Եթե 1973 թվականի դրությամբ Եվրոպայում արտադրվում էր ընդամենը 11,6 միլիոն հատ պոլիէթիլենային փաթեթ, ապա 2002 թվականին ամբողջ աշխարհում արտադրվել է չորսից հինգ տրիլիոն հատ, հիմա՝ անհամեմատ շատ:
Պոլիէթիլենային փաթեթները թղթե փաթեթների համեմատ ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանց խոնավակայունությունը հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել և ավելի անվնաս տեղափոխել սննդամթերքը:
Բռնակներով առաջին պոլիէթիլենային փաթեթները հայտնվել են համեմատաբար վերջերս՝ 1982 թվականին: ԽՍՀՄ-ում և նաև, իհարկե, Հայաստանում գունագեղ պոլիէթիլենային փաթեթները ընկալվում էին որպես անսովոր ինչ-որ բան՝ այնպես, ինչպես ծամոնը, և համարվում էին դեֆիցիտ ապրանք ու անգամ սպեկուլ յացիայի առարկա: Այնուամենայնիվ, այդ ժամանակները վաղուց արդեն անցել են:
Այժմ արտադրողները ապահովում են տարբեր չափերի, ամրության, գույների և ձևերի փաթեթների հսկայական ընտրանի: Ամբողջ աշխարհում ներկայումս տարեկան օգտագործվում է մոտ 7 տրիլիոն պոլիէթիլենային փաթեթ:
Ընդ որում, դեն նետած փաթեթները արտաքին միջավայրում չեն ենթարկվում բիոլոգիական քայքայման և պահպանվում են երկար ժամանակ, այսինքն՝ հանդիսանում են աղտոտման մնայուն աղբյուր: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում արդեն իսկ սկսվել է շարժում՝ պոլիէթիլենային փաթեթները թղթե փաթեթներով փոխարինելու ուղղությամբ (Հայաստանում ևս):
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ




















































