Դեսպանն ու նախարարը քննարկել են հայ-ճապոնական կրթական ծրագրերի հնարավորությունը
ОБЩЕСТВОՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի հայ-ճապոնական կրթական կապերի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության եւ համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանի դպրոցներում եւ բարձրագույն կրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման հնարավորություններով եւ այդ համատեքստում առաջարկություն ներկայացրել ճապոներենի ուսուցման ներդրման վերաբերյալ: Նշելով, որ լեզուների, ինչպես նաեւ տարբեր ժողովուրդների մշակույթների ու պատմության ուսուցանումը Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման առաջնային ուղղություններից է՝ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է օտար լեզուների ուսուցման կենտրոնների եւ խորացված ուսուցմամբ ավագ դպրոցներ հիմնելու ՀՀ ԿԳՆ փորձը, որը կարող է կիրառվել նաեւ ճապոներենի դեպքում: ՀՀ ԿԳ նախարարը նաեւ շեշտել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է ճապոնական կողմի մասնագիտական եւ մեթոդական աջակցությունը: Հայաստանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ճապոներենը որպես օտար լեզու ուսուցանվում է, սակայն այն, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, բավարար ռեսուրս չի կարող ապահովել՝ կրթական հիմնարար ծրագրերի մշակման համար:
Դեսպան Է. Տագուչին իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը առաջին փուլում կարեւորում է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ընթացիկ տարվա մայիսին Երեւանում կազմակերպված Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին ու Բոլոնիայի քաղաքական ֆորումին, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես նախագահող երկիր:



