Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ-ի գործարար միջավայրի հետ կապված գույներն ավելորդ խտացնելն արդարացի չէ. Վարտան Սիրմակեսն ու Սևակ Արծրունին՝ հայրենադարձության և իրենց նախաձեռնության մասին

ОБЩЕСТВО

Շվեյցարահայ գործարար, «Franck Muller» ժամագործական ընկերության սեփականատեր Վարտան Սիրմակեսը և «Եռանավ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սևակ Արծրունին դեռևս մայիս ամսից  հայտարարել են «Կառուցի՛ր Հայաստան» լայնամասշտաբ հայրենադարձության ծրագրի մասին:

Ըստ նրանց՝ հայրենադարձությունը «Կառուցի՛ր Հայաստան»-ի միակ նպատակը չէ: Հիմնադրամի բիզնես ծրագրերն առաջին հերթին պիտի նպաստեն ՀՀ արդյունաբերության զարգացմանն ու ռազմավարական տարաբնակեցմանը՝ համախմբելով հայության ժողովրդագրական, ֆինանսական ու «ուղեղային» հայրենադարձության պոտենցիալը:

Tert.am-ը զրուցել է նրանց երկուսի հետ: Սևակ Արծրունին ներկայացրել է, թե ինչ փուլում է նախաձեռնությունը, ինչպես են պատկերացնում դրա լիարժեք իրականացումը, Հայաստանի իշխանությունների հետ նրանց հնարավոր համագործակցության մասին իրենց պատկերացումները, իսկ Վարտան Սիրմակեսը, բազմազբաղ լինելու պատճառով, պատասխանել է միայն մեկ՝ մշտապես քննարկվող, Սփյուռքի՝ մայր հայրենիքի նկատմամբ  «վստահության պակասին» վերաբերող հարցին:

-Պարո՛ն Արծրունի, հուլիսին հայտարարվեց «Կառուցի՛ր Հայաստան» լայնամասշտաբ հայրենադարձության ծրագրի մասին: Տասնյակից ավելի սփյուռքահայ գործարարներ որոշել են ստեղծել հարթակ, որը պետք է ապահովի հայրենադարձությունը խթանող լայնածավալ ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծի սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ փուլում է հիմա նախաձեռնությունը:

- Նախաձեռնության հեղինակներն ի սկզբանե հայտարարեցին, որ պատրաստվում են իրականացնել մասշտաբով, տարողությամբ ու բովանդակությամբ հսկայածավալ մի նախագիծ, որի պաշտոնական մեկնարկի մասին վկայող համաժողովը կկայանա 2019-ի գարնանը Ֆրանսիայում:

 
 


Նման նախագծի ու, առհասարակ, նախաձեռնության ճակատագիրը կախված է նախապատրաստական աշխատանքների հարցում մեր դրսևորած կարգապահությունից: Այս հանգրվանում ամենաէականը կառուցվածքային ու կոնցեպտուալ մոտեցումները լուրջ հիմքերի վրա դնելն ու ծանրակշիռ ծրագիր մշակելն է: Իրատեսական այդ հայեցակարգերի պատրաստման ու մշակման գործում պետք է լինենք հետևողական, առաջարկվող գաղափարներն էլ պետք է լինեն կիրառելի՝ հաշվի առնելով մասնագիտական շուկայի նրբություններն ու փոփոխությունները:

Վարդան Սիրմակեսն ու ես՝ որպես համահիմնադիրներ, ստեղծել ենք «Կառուցի՛ր Հայաստան» հիմնադրամը: Այն այս տարվա մայիսից մեկ տասնյակ մասնագետի հանձնարարել-պատվիրել է՝ կատարել համապատասխան հետազոտություններ ու տալ փորձագիտական եզրակացություն, որի վրա էլ կհիմնվի մեր նախագիծը:

Հայրենադարձությունը, կուզեի շեշտել, «Կառուցի՛ր Հայաստան»-ի միակ նպատակը չէ: Հիմնադրամի բիզնես ծրագրերն առաջին հերթին պիտի նպաստեն ՀՀ արդյունաբերության զարգացմանն ու ռազմավարական տարաբնակեցմանը՝ իհարկե, համախմբելով հայության ժողովրդագրական, ֆինանսական ու «ուղեղային» հայրենադարձության պոտենցիալը: Այդ ծրագիրը՝ հիմնված մասնագիտական հետազոտությունների ու փորձագիտական եզրակացությունների վրա, պատրաստ կլինի մինչև տարեվերջ, և այն կդառնա գործարարների փարիզյան համաժողովի համար լավագույն բիզնես նախագիծը:

-Պարո՛ն Արծրունի, բավականին բուռն արձագանքի արժանացավ պարոն Վարդան Սիրմակեսի հայտարարությունն այն մասին, որ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում պետք է ապահովվեն 100 միլիոն դոլարի չափ ներդրումներ: Պարոն Սիրմակեսը նաև հույս էր հայտնել, որ այդ ներդրումները հետագայում կավելանան: Կարո՞ղ ենք արդեն խոսել ներդրումների ծավալի մասին. որքա՞ն է հավաքվել, ե՞րբ և ո՞ր ոլորտներում  կտեսնենք 100 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում:

-Լավ կլիներ, որ բոլորս այդպես մտածեինք՝ պարոն Սիրմակեսի նման: Սա մարդասիրական ծրագիր չէ, այլ համազգային բիզնես ծրագիր: Որպես արհեստավարժ գործարար՝ պրն Սիրմակեսը հարցը դնում է հետևյալ կերպ՝ որքա՞ն գումար է պետք նախագծի մեկնարկի համար. 100 միլիոն դոլար, որը կտրամադրվի, եթե «Կառուցի՛ր Հայաստան» նախագիծն ունենա իր առաքելությանը համաչափ մեկնարկ և կայանա:

«Կառուցի՛ր Հայաստան»-ը համահայկական բիզնես-ներդրումների շարժում է, որը կստեղծի մասնագիտական և փորձագիտական know how-ներով հագեցած նախագիծ, բազմաշերտ ուղղություններով պատրաստված բիզնես ծրագիր, որի ընդհանուր նպատակը Հայաստանում արդյունաբերական ավանների հիմնումն է, որոնք կկառուցվեն կայուն կանաչ թաղամասերում: Այստեղ կարող են ապրել ՀՀ և Սփյուռքի լավագույն մասնագետները: Այնուհետև բազմաթիվ բիզնես պլաններից կազմված ծրագիրը կներկայացվի հայ և օտար գործարարներին, որոնք, ըստ ծրագրերի շահութաբերության, ներդրումների անվտանգության, կսկսեն ֆինանսավորել կամ ստանձնել այդ բիզնես նախագծերը:

-Պարո՛ն Արծրունի, ի՞նչ արձագանքներ կան Սփյուռքից ընդհանրապես. հայրենիք վերադառնալ ցանկացողներ շա՞տ կան, ի՞նչ ծավալի հայրենադարձության եք սպասում և որտեղի՞ց հատկապես: Հայտնի փաստ է, որ Սփյուռքը միատարր չէ, այստեղ տարբեր մշակույթներ կրող, տարբեր լեզուների տիրապետող և կենցաղ ունեցող մարդիկ են: Ինչպե՞ս եք փորձելու կանխել այդ տարբերությունների բախումը, հակասությունների հնարավոր առաջացումը: Ունե՞ք այդ մասին մտորումներ:

- Հայրենադարձությունը կարելի է հաջողել, տեմպերն էլ մեծացնել, եթե այդ խնդրին նայենք Սփյուռքի հայության սոցիալ-տնտեսական տրամադրությունների և ակնկալիքների դիտանկյունից: Հայրենադարձության մեծ հոսք կունենանք, եթե Հայաստանում ստեղծենք տնտեսական էմիգրացիայի պայմաններ: Եթե սփյուռքահայը հասկանա, որ Հայաստանում կապրի ավելի բարեկեցիկ, ավելի երջանիկ, քան օտարության մեջ, կհայրենադարձվի: Իսկ դրա նախադրյալները ՀՀ-ում կան:

Սփյուռքահայության մեծամասնությունը բարոյապես հակված է ապրել Հայաստանում, եթե ունենա իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, անվտանգ ու հարմարավետ բնակավայր: Սա այն է, ինչ դուրս է լոզունգներից ու քարոզչությունից: Աշխարհում տնտեսական, անվտանգության, կյանքի որակազրկման, աշխատաշուկայի, գործազրկության ճգնաժամ է: Եթե հաջողենք Հայաստանում ստեղծել կյանքի և տնտեսության բարելավված պայմաններ, ապա ցանկացած հայ կցանկանա հայրենադարձվել և այստեղ իրականություն դարձնել իր և իր ընտանիքի երազանքը:

Իսկ մշակութային, լեզվական, էթիկայի հարցում տարբերությունները կհարստացնեն մեր պոտենցիալը: ՀՀ-ն ազգային պետություն է, գրեթե մոնոէթնիկ, իսկ հայության՝ տարբեր մշակույթների, արժեքների, փորձի ու բազմաշերտ լինելու փաստը միայն կօգնի զարգացնել մեր տնտեսությունը, մասնավորապես՝ տուրիզմը:

-Պարո՛ն Արծրունի,  ՀՀ նոր իշխանություններն անընդհատ հայտարարում էին հայրենադարձության կարևորության մասին և շեշտադրում էին, որ այլևս Սփյուռքից ակնկալում են ոչ թե նյութական, այլ մտավոր ռեսուրսների ներդրում: Արդեն կես տարի է անցել հեղափոխությունից, նկատու՞մ եք հայտարարություններից զատ, գործնական քայլեր՝ Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում: Հայրենադարձություն կազմակերպելու համար, այն էլ լայնամասշտաբ, ակնկալվում է, որ պետք է գործի դրվեն պետական բոլոր ինստիտուտները, օրենսդրական դաշտը բարեփոխվի:

- ՀՀ նոր իշխանություններն ստեղծել են հայրենադարձության բարենպաստ մթնոլորտ, և մենք դա ողջունում ու խիստ կարևորում ենք: Գործարարը, մանավանդ՝ օտարերկրյա ներդրողը, երկրի իշխանությունից ու պետությունից ակնկալում է երեք բան՝ գործակցելու պատրաստակամություն, քաղաքական կայունություն, անվտանգություն և գործող, բարենպաստ օրենսդրական դաշտ:

Հեղափոխությունից հետո մենք զգացել ենք համագործակցելու պատրաստակամություն: Դեկտեմբերի ընտրություններից հետո, համոզված ենք, մեր երկիրը կմտնի քաղաքական կայունության ժամանակաշրջան: Կարևորում եմ հատկապես գործող և բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման հարցը, որը կապահովի տնտեսական ներդրումների անվտանգությունն ու շահութաբերությունը:

Մենք պատրաստվում ենք պետական շրջանակների հետ քննարկել մեր ակնկալած բարեփոխումների և արտոնությունների փաթեթը: Արդյունաբերական կայուն և կանաչ ավաններում իրականացվելու են շինարարական լայնամասշտաբ աշխատանքներ, իսկ ցանկացած շինարարական նախագիծ առաջին հերթին պետք է հավանություն ստանա գործող իշխանությունների կողմից:

Ամեն քայլափոխի մեր ծրագրերը հանդիպելու են պետական գերատեսչությունների միջամտությանը, այսինքն՝ մենք այդ գերատեսչությունների աջակցության կարիքն ենք ունենալու: Քաղաքաշինական, կադաստրային, հարկային և բազմաթիվ այլ ուղղություններով նոր իշխանությունները մտցնում են կարգուկանոն, և բնականաբար անիշխանականության և օրենքի չգործելու պայմաններում ներդրողը հաջողության չի հասնի: Միևնույն ժամանակ, հարկավոր է, որ նոր իշխանությունները հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն հիմնադրվող նախագծերի իրականացման հարցում: Մենք հայրենադարձությունը և երկրի հզորացումը տեսնում ենք բացառապես տնտեսական զարգացման պայմաններում: Իսկ այդ դեպքում իշխանությունը պետք է դառնա մեր առաջին գործընկերը, վերջապես մեր ծրագրերի շահութաբերությունից և նրա կողմից ստեղծվող միջոցների հզոր շրջանառությունից էլ կստեղծվեն պետության հզորացման նախապայմանները:

Եթե նոր իշխանությունները, թեկուզ հանուն երկրի սոցիալ-տնտեսական դաշտի կանոնակարգման, ամեն քայլափոխի դժվարություններ, արգելքներ և բարդություններ ստեղծեն, ապա ներդրողներն ու գործարար շրջանակները կհիասթափվեն: Հուսանք՝ նոր իշխանությունները դեկտեմբերի ընտրություններից հետո կկարողանան լինել շրջահայաց, ինքնավստահ և ձերբազատված անցյալի բարդույթներից: Հարկավոր է նայել ապագային և ստեղծել թռիչքաձև զարգացման պայմաններ, իսկ նման պայմաններ կստեղծվեն, եթե լինի գործարար-իշխանավոր համագործակցության ներդաշնակություն:

Իշխանությունը գործարարին պետք է դիտարկի այնպես, ինչպես դիտարկում է սահմանապահ զինվորին, այսպես ասած՝ «փայփայի»  նրա կողմից ներդրվող ֆինանսական և մասնագիտական միջոցները, իսկ գործարարը պետության մեջ պետք է  տեսնի իր անվտանգությունն ու կայունությունը ապահովող գործընկերոջ:

Համոզված եմ, որ հետագա ամիսներին մենք կկարողանանք «Կառուցի՛ր Հայաստանի» և նոր իշխանությունների միջև ձևավորել վստահության և գործընկերության նման դաշտ: 

-Պարո՛ն Սիրմակես, շատ է խոսվել Հայաստանի և Սփյուռքի միջև առկա խնդիրների, մասնավորապես՝ միմյանց նկատմամբ վստահության բացակայության կամ պակասի մասին: Երկար տարիներ են՝ Հայաստանում ակտիվ ներդրումներով զբաղվող սփյուռքահայ գործարար եք, կուզեինք Ձեզնից լսել կարծիք՝ ինչպե՞ս ամբողջությամբ վերականգնել վստահությունը:

- Այս չակերտավոր անվստահության հարցը չափազանց շատ է ծեծվում: Եթե գործարարն իսկապես ուզում է ներդրում անել և արդյունքի հասնել, ապա պիտի այդ գործին տեր կանգնի: Տեր կանգնել՝ նշանակում է կա՛մ անմիջապես լինել գործի գլխին, կա՛մ ստեղծել համապատասխան կորպորատիվ կառավարման մեխանիզմ: Մի՛ մտածեք, թե այս տեսակ խնդիրներ միայն Հայաստանին են բնորոշ: Այսօր Փարիզից Մարսել կամ Ժնևից Լոզան ներդրումն էլ դժվար է կառավարել: Օտար ազգերի մեջ բիզնեսում նույնիսկ եղբայրը եղբոր նկատմամբ պիտի ուշադիր լինի: Այդ պատճառով Հայաստանի գործարար միջավայրի հետ կապված գույներն ավելորդ խտացնելն արդարացի չեմ համարում:

 

 

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»