Հայաստանի մանևրելու հնարավորություններն արտաքին քաղաքական դաշտում սահմանափակ են. Նարեկ Գալստյան
ПОЛИТИКАԶարմանալու ոչինչ չկա, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը հետամուտ է լինելու ազգային շահերի պաշտպանությանը: Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով կհաջողվի մեզ պահել ինքնիշխանությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն պարբերական հայտարարությունների մասին, թե մենք ինքնիշխան ենք, և մեր գործընկեր պետությունները պետք է հարգեն ՀՀ սուվերենությունը:
«Մինչև իշխանափոխությունը ընդդիմությունն ու որոշ փորձագիտական շրջանակներ հայտարարում էին, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է: Նման մտքեր էին հնչում՝ հաշվի առնելով Ռուսաստանից ունեցած մեր կախվածությունը: Երբեմն գույները խտացվում էին. ասվում էր, թե ՌԴ թելադրանքով է Հայաստանը վարում իր արտաքին քաղաքականությունը: Դրանում կա որոշակի ճշմարտություն»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ գերկախվածությունը ցանկացած ուժային կենտրոնից սահմանափակում է արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունները:
«Իշխանության գալուց ի վեր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինելու, փոխվելու են շեշտադրումները, Հայաստանն առավելագույնս հետամուտ է լինելու ինքնիշխանության պահպանմանը»,- ասաց նա:
Նարեկ Գալստյանը նշեց, որ ազգային շահերի պաշտպանությունը կախված է երկրի ներքին կարողությունից, արտաքին միջավայրում ուժերի բալանսից և մի շարք այլ գործոններից:
«Հայաստանը յուրահատուկ տարածաշրջանային համալիր է, այստեղ կան յուրահատուկ ուժային դասավորվածություններ:
Ըստ նրա՝ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է, սա իրողություն է և որպես այդ կառույցի անդամ պարտավորություններ ու պարտականություններ ունի:
«Հայաստանն ունի որոշակի կախվածություն: Պետք է ռեալիստ լինենք, հասկանանք առկա իրողությունները: Իհարկե, մեր մանևրի հնարավորությունները սահմանափակ են: Ցանկացած պետություն, որն անդամակցում է ինտեգրացիոն կազմակերպության, սահմանափակում է իր ինքնիշխանությունը: Սա բոլորի դեպքում է՝ մեկի մոտ՝ շատ, մեկի մոտ՝ քիչ: Հիմա մենք արդեն ԵԱՏՄ անդամ ենք: Այո, Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն եղած ժամանակ շատ էր քննադատում ասիմետրիկ արտաքին քաղաքականությունը: Հիմա նա ասում է՝ եկեք հստակեցնենք մեր պարտավորությունները: Քիչ չեն եղել դեպքերը, որ մեր ԵԱՏՄ գործընկերներն իրենց չեն պահել հարիր, օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ավելին, նրանց քայլերը հակասել են գործընկերային հարաբերություններից»,- մանրամասնեց նա:
Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, Գալստյանի տպավորությամբ, արտահայտում են ընդդիմանալու ցանկություն, եթե ապագայում լինեն գործընկերային հարաբերություններին հակասող քայլեր ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից:
Բայց ամբողջապես ընդդիմանալու համար, Նարեկ Գալստյանի խոսքով, Հայաստանը պետք է բարձրացնի իր քաշը միջազգային դաշտում:



