Ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է ու ծանր բեռ հարկատուների վրա, շատ ուղղություններով օպտիմալացման միտումները երևում են. վարչապետի խորհրդական
ОБЩЕСТВОԱկնհայտ է, որ պետական համակարգում ուռճացված է աշխատողների թիվը, և ակնհայտ է, որ սա բերում է անարդյունավետության: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը:
Միաժամանակ Արտակ Մանուկյանը նշեց, որ, քանի դեռ չկան ճշգրտումներ, դժվարանում է խոսել օպտիմալացման թվերի մասին, թե ինչպես է լինելու, որ ոլորտներում, տնտեսության կառուցվածքում ինչ պատկեր է սա ունենալու, բայց ասում է. «Բայց մենք պետք է խոսենք միտումների մասին, և արդարացի չեմ համարում, որ հարկատուների հաշվին պետական համակարգի կողմից տրամադրվող ծառայությունները լինեն այդքան ոչ արդյունավետ: Այսինքն, ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է, մատուցվող ծառայություններն անարդյունավետ են»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի մեկ այլ խորհրդականը՝ Վարազդատ Կարապետյանը, օրերս նույնպես հայտարարելով, որ պետական համակարգն ուռճացված է, ստեղծված են մի շարք «կեղծ», անգործունակ ինստիտուտներ՝ հավելել էր. «Եթե չկարողացանք մոտավորապես 100 հազար մարդ հանել պետական համակարգից՝ դարձնելով նրանց բարձր որակավորմամբ աշխատողներ ու տեղավորելով մասնավոր սեկտորում՝ չենք ունենա առաջ գնալու, զարգացման հնարավորություն»:
Հարցին, թե երբ և որ ոլորտներում սպասել օպտիմալացում, Արտակ Մանուկյանն ասաց. «Հիմա, երբ բյուջեի նախագծերի նախնական քննարկումներն անում ենք, շատ ուղղություններով այդ օպտիմալացման մոտեցումները կամ կողմնորոշումը երևում է, իսկ չափի մասին կարող ենք ասել, որ սա ավելի հստակորեն կուրվագծվի 2019 -ին իրականացվող գործընթացներում»:
Ինչպես տեղեկացնում է Արտակ Մանուկյանը, 2016-ին Հայաստանի պետական համակարգում եղել է մոտ 240 հազար աշխատող, 2017-ին՝ 235 հազար մեր երկրի ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն չափ ընդհանուր զբաղվածների թվում: Եվ քանի որ այդ մեկ միլիոնից 350 հազարն էլ զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ մյուս 650 հազար զբաղվածների հետ 235 հազար պետական համակարգի աշխատողների հարաբերակցությունը (նախարարություններ, դպրոցներ, հիվանդանոցներ, գերատեսչություններ-խմբ.) ըստ Արտակ Մանուկյանի՝ ահավոր ծանր բեռ է:
Նա նաև նշեց, որ սա, ի դեպ, պայմանավորված է տնտեսության թվայնացման տեսլականով ևս: Այսինքն՝ պետական համակարգն արդյունավետ դարձնելուց հետո շատ տրամաբանական է, որ այն ամբողջովին անցում կատարի դեպի թվայնացման տեխնոլոգիաների այլ երկրների համեմատ մրցակցային լինելու համար, երկրներ, որտեղ բիզնեսի համար, Արտակ Մանուկյանի ներկայացմամբ, ժամանակային ծախսերն էականորեն նվազ են:
«Սա էլ է հավելյալ արդյունք, որ բիզնեսմենը չնստի, մտածի, որ ես 3 օր պետք է այս թղթի համար հերթ կանգնեմ: Բայց չէ՞ որ ինքը վճարում է այդ համակարգին, և թե՛ վճարը պետք է լինի ընդունել, և թե՛ ծառայություն մատուցողը պետք է հնարավորինս ավելի քիչ բեռ հանդիսանա հարկատուների վրա»:
Հարցին, թե արդյոք սա չի լինելու սոցիալական բեռ 30 տոկոսից ավելի աղքատություն ու գործազրկության բարձր տոկոս ունեցող երկրում, վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը պատասխանեց, որ պետությունն ունի սոցիալական գործառույթներ, և պետությունն իր համակարգում պետական ծառայողների համար առաջինն է կրում սոցիալական պատասխանատվություն, ինչպես բիզնեսը, որն ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:
Արտակ Մանուկյանն ասաց նաև, որ հավատում է՝ այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ զարգացնելու տնտեսությունը, իսկ դրա համար պետք է գնա ոչ պոպուլիստական քայլերի:



