«Մոդայիկ» դիետաները ժամանակավոր են և քայքայում են առողջությունը
ОБЩЕСТВО
Նիհարելու համար կան բազմաթիվ և բազմատեսակ դիետաներ, պետք է ընտրել դրանցից մեկը և համառության շնորհիվ արդյունքի հասնել՝ նիհարել:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Պարզվում է՝ ներկայումս նիհարելու մոդայիկ դիետաները չեն օգնում նիհարելուն, անգամ եթե օգնում են, դա լինում է խիստ ժամանակավոր և առողջությանը վնասելու հաշվին: Իհարկե, պետք է նշել, որ երբեմն բացառություններ լինում են, բայց... շատ երբեմն:
Ներկա պահին աշխարհում հաշվում են նիհարելու ավելի քան 30 000 դիետա: Ըստ ուսումնասիրությունների, ամերիկացիների 65 %–ը տարեկան առնվազն մեկ անգամ սկսում է կիրառել նոր դիետա: Իսկ ի՞նչ են ներկայացնում իրենցից այս դիետաները: Չխորանալով չհետազոտված դիետաների մեջ՝ ասենք, որ անգամ մասնագետների կողմից հաստատված դիետաները ևս անվտանգ չեն: ԱՄՆ–ում բժիշկների կողմից առաջարկվող հանրահայտ 231 դիետաներ ենթարկել են գիտական փորձաքննության, և պարզվել է, որ դրանց 90 %–ը ոչ մի գիտական հիմք չունի, 34 %–ում հաշվի չի առնված օրգանիզմին հասցվելիք վնասը: Պարզվել է, որ դիետա պահող մարդկանց 98 %–ը քաշ գցելուց հետո 5 տարվա ընթացքում նորից գիրանում է, վերադառնում հին քաշին և անգամ գերազանցում այն:
Ժամանակակից բոլոր «նիհարելու դիետաների» բնորոշ հատկությունն այն է, որ դրանք չեն օգնում, քանի որ հիմնված են բռնի կերպով օրգանիզմին անհրաժեշտ որևէ նյութից զրկելու վրա: Արդյունքում մարդիկ կատաղի կերպով պայքարում են «իրենց օրգանիզմի» դեմ, և միայն շատ քչերն են կարողանում հաղթել: Այդ հաղթանակին էլ հաճախ հասնում են առողջության հաշվին: Հաշվի առեք նաև այն, որ անհաջողությունները էապես ազդում են նաև մարդու հոգեկան առողջության վրա:
Եվս մի կարևոր հանգամանք: Սա ընդամենը բիզնես է: Ընդ որում, բավականին հաջող: Բիզնես–դիետան համարյա ոչ մի ծախս չի պահանջում՝ գրքեր, բրոշյուրներ, էջեր, հաբեր, կոնսուլտացիաներ և այլն: Իսկ այն, որ արդյունք չի եղել, արդարացում միշտ կա. մեղավորը հենց ինքը՝ դիետա պահողն է:
Դիետան հունարեն բառ է և բառացի թարգմանությամբ նշանակում է կենսակերպ (ռուսերեն՝ образ жизни): Այ, հենց սա է ողջ գաղտնիքը: Իրականում դիետայի իմաստն այն պետք է լինի, որ մարդ վարի առողջ կյանք. լիարժեք, բայց չափավոր սնվել, ակտիվ շարժվել (այստեղ էլ հանկարծ չընկնեք ֆիթնես ակումբների բիզնես պլանների մեջ), լիարժեք քնել և ունենալ իմաստավորված կյանք: Սա ևս դիետայի տեսակ է և կոչվում է ռացիոնալ դիետա: Կան նաև բժշկական դիետաներ, սրանք ևս պետք է պահպանել, որովհետև այդ դիետաները կոնկրետ հիվանդություններով տառապող մարդկանց համար են և կոնկրետ այդ հիվանդությունների ժամանակ են օգտագործվում:
Նիհարելու դիետաները մոդայիկ են դարձել 19–րդ դարից, երբ փոխվեցին գեղեցկության չափանիշները, և համարվեց, որ գեղեցիկ են գույնը գցած և կրակոտ հայացքով պատանիներն ու փխրուն, բարակ մեջքով աղջիկները: Այդ ժամանակ ևս դիետաներ կային: Օրինակ, Բայրոնը օգտագործել է քացախային դիետա, երբ ուտում էին քացախի մեջ թաթախված կարտոֆիլ կամ բրինձ: Դրա իմաստը այն էր, որ հանգեցնում էր սրտխառնոցի և փսխման, ինչի արդյունքում մարդը նիհարում է: Ավելի սարսափելի էր պարազիտար դիետան. մարդը խմում էր հաբ, որը պարունակում էր երիզորդի ցիստաներ, արդյունքում առաջանում էր ճիճվակրություն, որը և բերում էր նիհարելուն: Կային էլ ավելի վտանգավոր դիետաներ, երբ օգտագործվում էին մկնդեղ կամ ստրիխնին:
արելի է փորձել կատարելագործել պարազիտար դիետան: Գիտության ներկա զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Ուղղակի պետք է հասնել նրան, որ նիհարել ցանկացող մարդը ունենա այնպիսի ճիճու, որ այդ ճիճուն էլ ճիճու ունենա: Այդ դեպքում նիհարելու էֆեկտը բացարձակ կլինի: Ինչպես ասում են՝ կմախքը ձեզ օրինակ: Ուղղակի վերջինս գուցե բառացի լինի...
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



