Ծովահենների դրոշ. ինչպես կինեմատոգրաֆիան փոխեց իրականությունը
ОБЩЕСТВО
Ծովահենների դրոշը սև գույնի էր` վրան նկարված սպիտակ գանգ և խաչված երկու ոսկորներ, ու կոչվում էր «Ուրախ Ռոջեր»:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Իրականությունը այն է, որ ծովահենների նավի վրա հպարտ փողփողացող «Ուրախ Ռոջեր» դրոշը 20–րդ դարի ռոմանտիկ արվեստագետների հաջողված մտահղացումն է: Իհարկե, ծովահենների առաջնորդները կոշտ և դաժան մարդիկ էին, բայց միաժամանակ նրանք հիմար չէին: Նավի դրոշը ծովում ցույց է տալիս, թե դա ում նավն է, և նկատվում է հեռվից: Ստացվում է, որ եթե ծովահենները բարձրացնեն սև դրոշը՝ հնարավոր զոհը կարող է արագ փախչել: Ծովահենները ծովում նավարկել են սովորաբար ինչ–որ երկրի դրոշով, և միայն մի քանի հայտնի նավապետներ էին, որ ունեին սեփական դրոշը: Բայց նաև այս դեպքերում այդ դրոշների վրա գանգ ու ոսկորներ չէին նկարված: Որոշների վրա կենդանիներ էին, որոշների վրա՝ ծովերի պահապան սրբերի դիմանկարներ: Կային նաև այլ դրոշներ, օրինակ՝ Ջոն Կուկի (չշփոթեք Ջեյմս Կուկի հետ) դրոշը դեղնակարմրավուն էր, Բարտոլոմեո Շարպի դրոշի վրա կարմիր գավաթ էր՝ գույնզգույն ժապավեններով, Մոնբար Ավերիչի դրոշի վրա խաչված ոսկորներ և խաղաթղթեր էին. ի դեպ, նա համարում էր, որ լավագույն դրոշը վերջին թալանված նավի նավապետի՝ առագաստի վրա կախված դին է: Համարում են, որ «Ուրախ Ռոջեր» դրոշը պատկանել է Էմմանուել Վայնին: Նա ևս մի դրոշ ուներ՝ վրան նկարված ավազե ժամացույց, որը նշանակում է՝ ձեր ժամանակը ավարտվել է: Ստիդ Բորնետի դրոշը ևս նման էր «Ուրախ Ռոջերին», այդտեղ գանգի հետ խաչված էին ոսկորը և դաշույնը: Բայց այդ դրոշները միշտ չէին բարձրացված:
Սովորաբար ծովահենները, օրինակ, իսպանական առևտրական նավի վրա հարձակվելիս անգլիական դրոշ էին բարձրացնում (Անգլիան և Իսպանիան ծովում անհաշտ հակառակորդներ էին), որպեսզի այդ թալանի մեղքը գցեն հակառակորդի վրա, կամ էլ իսպանական, որպեսզի զոհ նավը հանգիստ մոտենա իրենց: Հնարավոր է, որ միայն այն ժամանակ, երբ նավերը մոտ են և սկսվելու է աբորդաժը, ծովահենները սև դրոշ բարձրացնեին, որպեսզի վախեցնեն թալանվող նավի անձնակազմին և նրանք դիմադրություն ցույց չտան:
«Ուրախ Ռոջեր» դրոշի պատմությունը մի քանի վարկածներ ունի: Այս դրոշի գույնը կապվում է նրա հետ, որ նախկինում, եթե ռազմական նավը կռվի ժամանակ սև դրոշ էր բարձրացնում, նշանակում էր, որ առաջարկում է հակառակորդին հանձնվել, իսկ եթե չէին հանձնվում, բարձրացնում էին կարմիր դրոշ, այսինքն՝ արյուն է հեղվելու, իսկ եթե հանձնվում են՝ սպիտակ դրոշ: Մեկ այլ վարկածով ժանտախտի համաճարակի ժամանակ, եթե նավում հիվանդության դեպք էր արձանագրվում, նավը սև դրոշ էր բարձրացնում, որի վրա լինում էին երկու հորիզոնական սպիտակ շերտ: Սա նշանակում էր, որ այլ նավեր պետք է խուսափեին մոտենալ այդ նավին: Սրանից էլ հենց օգտվում էին ծովահենները՝ նմանատիպ դրոշ բարձրացնելով և մնալով աննկատ: Հետագայում սպիտակ շերտերը փոխվել են սպիտակ ոսկորների: Հաջորդ վարկածով Հնդկական օվկիանոսի ծովահենները իրենց անվանում էին ծովի տերեր՝ «Ալի Ռաջա», որը և փոխվել է «Ուրախ Ռոջերի» ( Jolly Roger): Մի այլ վարկածով դրոշն իր անունը ստացել է սատանայի անվանումներից մեկից՝ Old Roger, հետագայում Old–ը փոփոխվել է Jolly–ով: Մի վարկածով էլ դրոշի անունը առաջացել է Ռոջեր 2–րդ Սիցիլիացի թագավորի անունից, որը բազմաթիվ ծովային ճակատամարտեր էր հաղթել: Նրա դրոշը իրենից ներկայացնում էր կարմիր ֆոնի վրա խաչված երկու սպիտակ ոսկոր:
Զարմանալ կարելի է, թե ինչպես է կինեմատոգրաֆիան փոխում պատմությունը: Նախկինում, եթե միայն պատմաբաններն էին կեղծում պատմությունը, հիմա նրանց միացել է նաև կինոն: Այն, որ «Ուրախ Ռոջեր» դրոշը դարձել է մարդկանց համար ծովահենների խորհրդանիշ, պատճառը ծովահենների մասին նկարահանված բազմաթիվ ֆիլմերն են:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



