Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա ժողովրդին, և վերջին գործընթացներում ևս ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան
ПОЛИТИКАԵրևանի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նախընտրական ծրագրի կազմման համար աշխատել են մոտ 30 օր արհեստավարժ մասնագետներ տարբեր ոլորտներից և բոլոր ուղղություններով՝ կանաչապատում, տրանսպորտ, քաղաքաշինություն, համայնքային կառավարում: Նա նշեց, որ բոլոր ուղղություններով ունեն հաշվարկներ, քարոզարշավի ընթացքում ամեն օր մի ամբողջական ոլորտ են ներկայացնելու, և չկա այնպիսի ոլորտ, որ ներառված չէ իրենց ծրագրում:
«Կարևորը աշխատանքն ու գործն է, ես հավատացած եմ, որ ֆինանսական միջոցներ միշտ կարելի է հայթայթել թե՛ միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում, թե՛ սփյուռքի, համայն հայության ներուժի արդյունքում: Կարևորը աշխատանքն է, կամքը և ցանկությունը»,-ասաց նա:
Թեկնածուն ասաց, խոստում կա և ինքը հավատացած է, որ անցնելու են ազատ ու արդար ընտրություններ: «Մենք հավատացած ենք, որ հաղթելու ենք ընտրություններում»,-ասաց նա և նշեց, որ Դաշնակցության վարկանիշը բարձր է գնահատում:
«Երևանի խնդիրների լուծման ձևերը շատ անգամ կարող են նման լինել իրար, ընտրություններից հետո կհամադրենք բոլորի ծրագրերը, որտեղ խելացի բան լինի, հաղթանակից հետո կներառենք մեր ծրագրում: Ամեն քաղաքապետ իր հետևից թողել է իր հետքը՝ և՛ լավ իմաստով, և՛ վատ իմաստով: Տարոն Մարգարյանը էսթետիկ իմաստով բավականին գործ արել է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահի հետ համագործակցությունը չբացառելու հարցը չի՞ ազդելու ՀՅԴ-ի վարկանիշի վրա, Միքայել Մանուկյանն ասաց. «Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա ժողովրդին, երևանցուն, Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի և մեկ անգամ ամաչելու տեղ չունի՝ վերջին գործընթացներում ևս»:



