Ողջաբերդի դպրոցը վագոն-տնակներում է. այս տարի ընդունվել է 10 առաջին դասարանցի (ֆոտո)
ОБЩЕСТВОՄեր դպրոցը հանրապետության այն հատուկենտ դպրոցներից է, որ դասապրոցեսն իրականացվում է վագոն-տնակներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե ինչ հանգամանքներում է դասապրոցեսն իրականացվում տնակներում:
«Գյուղի ամբողջ հատվածը սողանքային գոտում է գտնվում: Մենք դպրոցի մեկ շենքի փոխարեն ունեցել ենք մի քանիսը: Տարբեր տարիների ընթացքում շենքից շենք ենք տեղափոխվել, սակայն դրանից ոչինչ չի փոխվել, քանի որ սողանքների պատճառով բոլոր շենքներն էլ ժամանակի ընթացքում վթարային են դարձել, իսկ դասապրոցես իրականացնելն էլ դարձել է անթույլատրելի:
Վերջին անգամ դպրոցի հերթական շենքի վթարայնության 5-րդ կարգ ճանաչվելուց հետո որոշվեց, որ այլեւս էդտեղ դաս չենք անելու»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ 2000թ-ին Շիրակի մարզից շարժական տնակներ են տեղափոխում Ողջաբերդ, ու այդ օրվանից սկսում են դասապրոցեսն իրականացնել այդ տնակներում:
«Նախկին շենքերից դուրս գալով՝ մենք առաջին հերթին անվտանգության խնդիր լուծեցինք, քանի որ ամեն պահի կարող էր փլուզում տեղի ունենալ: Գյուղն ամբողջությամբ սողանքային գոտում է գտնվում եւ այս պայմաններում նոր դպրոցի շենք ունենալն այնքան էլ փրկություն չէ: Ամբողջ գյուղի սողանքային վիճակի հետ կապված խնդիրը պիտի լուծվի, որի շրջանակներում էլ նոր դպրոց կառուցելու մասին կարող ենք մտածել: Դուք պատկերացրեք, որ պանելային շենքերում ամեն օր պանելներ էին թափվում: Այնպես որ, եթե մենք դպրոց ունենալու հարց բարձրացնենք, մեզ կհարցնեն, թե որտեղ ենք ուզում լինի դպրոցը: Դրա պատասխանը մենք չունենք, քանի որ ողջ գյուղը սողանքային գոտում է: Դրա համար մենք նստել-սպասելու փոխարեն գործում ենք»,-պատմեց Վահրամ Գրիգորյանը:
Տնօրենի հավաստմամբ, իրենց դպրոցի ծնողները, ուսուցիչները եւ աշակերտները տարբեր ծրագրե8ում ընդգրկվել են, տարբեր փոքրիկ դրամաշնորհներ շահել. դրանց միջոցով կարողացել են եւ տնակների առաջնամաս կառուցել, եւ արտաքին հարդարման եւ ներկման աշխատանքներ իրականացնել, եւ մարզահրապարակ կառուցել, իսկ վերջերս նաեւ բեմահարթակ են կառուցել, որտեղ էլ այսօր տեղի ունեցավ տոնական միջոցառումը.
«Դպրոցն 91 աշակերտ ունի, այսօր ընդունել ենք 10 առաջին դասարանցիներ, շատ ուրախ եւ տպավորիչ է անցել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ է մեզ այցելել ու շնորհավորել երեխաներին: Կարեւորը մենք մեր ուժերով կարողանում ենք մեր դպրոցին նոր շունչ հաղորդել: Կարեւոր չէ, վագոն-տնակներում է իրականացվում ուսուցումը, թե մեծ շենքում, կարեւորը երեխայի կրթական իրավունքը պաշտպանվի, աշակերտները որակյալ կրթություն ստանան: Մեր երեխաների 50 տոկոսն ընդունվում են ԲՈՒՀ-ներ, անցյալ տարի 2 շրջանավարտ ենք ունեցել, երկուսն էլ ընդունվել են համալսարան»,-ասաց նա:
Նշենք, որ ներկա վիճակում Ողջաբերդ համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երեւույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի եւ շինությունների վրա: Դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքային ակտիվ երեւույթների հետ:
.jpg)
.jpg)
.jpg)



