Իմունիտետ. ինչպե՞ս կարող ենք այն ամրապնդել
ОБЩЕСТВО
Յոգուրտների օգտագործումը բարձրացնում, ամրապնդում է մարդու իմունիտետը: Եվ ոչ միայն յոգուրտների օգտագործումը: Եթե հավատանք գովազդներին, ժողովրդական բժշկությանը, որոշ մարդկանց անձնական փորձին, այդպիսի էֆեկտ ունեն բազմաթիվ սննդատեսակներ, դեղաբույսեր, դեղամիջոցներ և այլն:
Իրականում այդպես չէ:
Իմունիտետը ամրապնդելու, բարձրացնելու միտքը շատ գրավիչ է, բայց այդ միտքը զուրկ է իմաստից, քանի որ իմուն համակարգը մի ընդհանուր ցանց է, որի բոլոր նրբությունները և կապերը գիտությունը ամբողջությամբ չի պարզել, և ներկայումս հայտնի չէ որևէ նյութ կամ ազդակ, որը կամրապնդի, կբարձրացնի իմունիտետը:
Մարդու իմունիտետը ձևավորում են հատուկ բջիջները, հյուսվածքները և օրգանները, որոնք կազմում են ցանց և աշխատում են համատեղ. դրանց նպատակն է կանխել վարակի թափանցումը օրգանիզմ, իսկ արդեն թափանցելու դեպքում թուլացնել այդ վարակի ազդեցությունը օրգանիզմի վրա և ազատել նրան վարակից: Բժշկությանը հայտնի է, որ մեր օրգանիզմը մշտապես արտադրում է իմուն բջիջներ, ընդ որում՝ որոշակի չափով ավելի, քան պետք է լինում: Ավելորդ իմուն բջիջները ազատվում են ինքնուրույն, բնական եղանակով՝ մահանում են և արտազատվում: Անհայտ է՝ արդյոք մեզ պե՞տք են այդ հավել յալ բջիջներից, արդյոք դրանք ինչ–որ օգուտ կտա՞ն, թե՞ ոչ: Մինչև այժմ հայտնի չէ, թե ինչ քանակի և տեսակի իմուն բջիջներ են պետք մեզ, որ մեր օրգանիզմը կատարի իր ֆունկցիան օպտիմալ ձևով: Հայտնի է այդ բջիջների քանակի ներքին սահմանը, որի դեպքում իմուն համակարգը անհրաժեշտ պատասխան չի կարողանում տալ: Օրինակ, ՄԻԱՎ–ի դեպքում T բջիջների քանակը վիրուսի ազդեցության հետևանքով ընկնում է, և օրգանիզմի իմուն պատասխանը համաչափ չի լինում այլ վարակների նկատմամբ:
Անիմաստ է նաև փորձել գրգռել իմուն համակարգը, որ նա սկսի, ասենք, մեկ տեսակի իմուն բջիջներ շատ արտադրել, քանի որ դրանց տեսականին շատ–շատ է, և նրանցից յուրաքանչյուրը պայքարում է ինչ–որ մեկ տեսակի վարակի դեմ: Հարց է ծագում՝ որ տեսակը ավելացնել, որը՝ ոչ :
Այն, ինչ հայտնի է գիտությանը, այն է, որ որոշ նյութերի և միկրոէլեմենտների պակաս կարող է բերել օրգանիզմի իմունիտետի անկման: Օրինակ, սելենը, ցինկը, երկաթը, պղինձը, ֆոլաթթուն, A, B6, C և E վիտամինները: Սա նշանակում է, որ իմունիտետի անկում չլինելու համար ընդամենը պետք է օգտագործել տարատեսակ, համապատասխան ջերմային մշակման սնունդ: Այսինքն, միայն առողջ և լիարժեք սնվել: Ներկայումս գիտնականները ենթադրում են, որ որոշ հավելումներ ևս գուցե ամրապնդեն իմունիտետը, բայց դրա մասին հաստատված տվյալներ չկան: Այդպիսի հավելումներից են ալոեն, սխտորը, ժենշենի մզվածքը, պրոբիոտիկները և այլն:
Գիտությանը հայտնի չէ իմունիտետի կապը կենսակերպի հետ: Հավաստի տվյալներ չկան: Հայտնի է, օրինակ, որ սթրեսը հանգեցնում է նյարդային, էնդոկրին և իմուն համակարգերի կապերի վատացման, ինչը և կարող է թուլացնել իմունիտետը: Իսկ ահա ֆիզիկական վարժությունները, սպորտը նպաստում են արյան շրջանառության լավացմանը, որի հետևանքով իմուն բջիջները օրգանիզմում ավելի արագ են տեղաշարժվում և, հետևաբար, իմունիտետը բարելավվում է: Ենթադրվում է նաև, որ վատ սովորությունները հնարավոր է իջեցնեն իմունիտետը՝ ծխելը, ալկոհոլի, նարկոտիկների օգտագործումը, քիչ քնելը, շատ ուտելը և այլն: Իհարկե, սրանք ընդամենը ենթադրություններ են: Ընդ որում, չի բացառվում, որ սրանցից որևէ մեկը անգամ հակառակ էֆեկտն ունենա:
Հիմա անդրադառնանք մեր սիրելի բուսակերներին: Պարզվում է, որ իմունիտետի անկում հնարավոր է հենց նրանց մոտ, քանի որ կենսական որևէ նյութ օրգանիզմը կարող է անհրաժեշտ քանակով չստանալ: Լրիվ հակառակ էֆեկտ է տալիս նաև ներկայումս հաճախ օգտագործվող դիետաների այն տեսակը, որը պահանջում է սահմանափակել սննդի բազմազանությունը՝ երևի թե իմունիտետի բարելավման նպատակով: Մի խոսքով, կերեք ոչ արհեստական ամեն ինչ և մի լսեք ուրիշներին. նրանք ընդամենը փող են աշխատում, իսկ առողջությունը ձերն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



