Գյուղի միակ աղջիկ մեղվապահն ու երևանցին, ով ընտրեց Դրախտիկը. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Գրականությունն ու մեղրը Դրախտիկում իրար են խառնվել: Մասնագիտությամբ բանասեր, համայնքային սոցիալական աշխատող Մարիամ Աղաջանյանը դեռ 10-րդ դասարանից է մեղվաբուծությամբ զբաղվում: Գյուղում շատ աղջիկներ կան, որ օգնում են իրենց մեղվաբույծ ծնողներին, բայց աղջիկ մեղվապահ միայն ինքն է:
Գրականությունն օգնում է` ասում է Մարիամը. «Մեղվաբուծությունն ինձ համար ոչ միայն բիզնես է, այլև հոբբի. եթե մեղուներին որպես բիզնես նայես, հաջողության չես հասնի: Մեղուների խնամքը քեզ համար պետք է հաճելի լինի` հաճելին օգտակարի հետ պետք է համատեղել: Ասում են` եթե ինքդ ես աշխատում մեղվանոցի հետ, քեզ սիրում են, ես իրենց շատ եմ սիրում»,-նշում է Մարիամն ու հավելում` մեղուների հետ լեզու գտնելը կարևոր է:
Սկզբունքը հետևյալն է` ամբողջությամբ պետք է հասկանալ նրանց, սիրել աշխատանքը, հետո նոր ունենալ համապատասխան գիտելիքներ ու պայմաններ:
Մեղվաբույծ Ռուբեն Սարուխանյանի տարիների փորձն ավելի մեծ է: Դեռ 1981 թվականից է զբաղվում մեղվաբուծությամբ: Նա ապրում է Երևանում, բայց կապը Դրախտիկի հետ ևս մեծ է:
Ամբողջ Հայաստանով շրջել է ու եզրակացրել` Դրախտիկը այն տեղն է, ուր պետք է մեղվաբուծությամբ զբաղվի:
«Տեսա, որ այստեղ հոյակապ է, մի տուն տղայիս համար գնեցի, մի հատ էլ` աղջկաս:
Երևանից գալիս ենք, հանգստանում ու մեղվաբուծությամբ զբաղվում»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց մեղվաբույծը:
Ռուբեն Սարուխանյանը շեշտեց` Դրախտիկում մարդիկ արարող են, ուղղակի գյուղի զարգացումը դանդաղ է:
Գյուղացին շատ է չարչարվում, բայց իր չարչարանքի արդյունք կաթն ու մածունը շատ էժան է վաճառում: 100 դրամով կաթ են ծախում, բայց քաղաքում մի լիտր կաթը 450 դրամ է: Գյուղացին արևի տակ աշխատի, արարի ու ընդամենը` 100 դրամ: Գյուղացու ապրանքը մի քիչ ավելի թանկ պետք է լինի` գոնե կիսով չափ: Լուծումը օրենքն է, որ գյուղացու ապրանքն այդքան էժան չմթերվի, գյուղացին էլ գումար վաստակի: Հիմնականում առնող ծախողները` միջնորդներն են գումար աշխատում, իսկ գյուղացին առավոտից իրիկուն քրտնաջան աշխատում է ու ոչ մի արդյունք չի տեսնում»,-իր մտահոգությունն է հայտնում մեղվաբույծը:
Ինչ վերաբերում է գյուղում մեղվաբուծությունը զարգացնելու տեսլականին, Ռուբեն Սարուխանյանը նշեց. «Թող մեղվաբույծներին ցածր տոկոսներով վարկեր տան, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը մի քիչ ավելի արագ առաջ տանել ու զարգացնել: Հիմա եթե տարեկան 24 տոկոսով վարկ վերցնեն, դժվար կլինի: Մեղրը մյուս մթերքների նման չէ: Մեղվաբուծության մեջ ներդրած գումարը, այսպես ասած, շուտ հետ չի գալիս: Ամբողջ տարին աշխատում ես, մեղր ես արտադրում ու մինչև 24 տոկոսը տալիս ես, արդյունքում ոչինչ չի մնում: Եթե շատ էժան տոկոսներով վարկեր տան, մեղվաբույծները փեթակները կավելացնեն»
Մարիամ Աղաջանյանի օրինակին հետևելը դժվար չէ:
Ռուբեն Սարուխանյանն ասում է` եթե երիտասարդները մի անգամ մտնեն այս բնագավառ, էլ դուրս չեն գա. «Եթե զբաղվեն` մեղուների հետ աշխատելուց շատ ազդակներ կվերցնեն»:
Նա հետ գնաց հեռավոր 1985 թվական, հիշեց ուսանողական տարիները:
«Այդ տարիներին ես սովորում էի Ռուսաստանում: Դպրոցներում մեղվաբուծություն էին դասավանդում: Եթե գյուղի դպրոցում դասավանդեն, մանուկ հասակից երեխաները կսիրեն մեղուներին: Հետո աշխատանք էլ կունենան` միայն կաթի ու մածունի հույսին չեն մնա: Դրան զուգահեռ` մեղվաբուծությունն էլ օգուտ կբերի»,-ասաց նա:
Գյուղի միակ «աղջիկ մեղվապահը»` Մարիամ Աղաջանյանն ասում է` իր մեղրն այնքան շատ չէ, որ վաճառքի խնդիր ունենա«Մեղրը վաճառում եմ թե՛ մեր համայնքում, թե՛ Երևանում: Եթե մեկ անգամ գնում են ու տեսնում, որ արդար է, խնդիր չես ունենում: Երևանից արդեն մի քանի անգամ զանգահարել են ու գնել»:
Իսկ մաքո՞ւր է, թե «խառնած». անցորդների հարցից Ռուբեն Սարուխանյանը կարծես չէր վիրավորվում: Առաջարկում էր նախ համտեսել, հետո էլ սիրով տալիս այն հասցեն, որտեղ ստուգում են մեղրի անարատությունը: «Դրախտիկի անարատ մեղրը» գնահատեցին, իսկ Մարիամն ասաց` մեղուները մաքուր աշխատանք են սիրում, բերքն էլ վաղը կհավաքի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





