Ասեք՝ թող մի օրենք էլ պնակալեզների քոքը կտրելու համար ընդունեն. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Եթե նախկինում օրվա իշխանությանը կամ ռեժիմին սեփական անձի հավատարմությունը ցույց տալու համար երկրի նախագահների նկարն էին կախում կաբինետի պատերից, հիմա՝ կրծքին են «կախում» ու հպարտ– հպարտ ման գալիս: Շատերի համար դա սովորական երևույթ է: Եվ չնայած փոխվել են ժամանակները, փոխվել են կարգերը, փոխվել են կուսակցությունների դիրքավորումները և, վերջապես, փոխվել է նաև երկրի ղեկավարը, բայց խոնարհվելու հակումներ ունեցողների համար հին ավանդույթները դեռ շարունակվում են:
Պարզվում է՝ կուռքեր ստեղծելուն սովոր, դրանց առջև խոնարհվելու և զոհողություններ մատուցելու «ավանդույթը» «հարգողների» համար տարբերություն չկա, թե հերթական պատեհ առիթի ժամանակ ում առջև են խոնարհվում, կարևորը՝ իրենք իրենց «գործն» անեն: Նման սովորություն չունեցողների համար էլ, այնուամենայնիվ, հասկանալի չի դառնում, թե այս առումով ինչ տարբերություն՝ առաջընթաց կամ հետընթաց է արձանագրվել: Շատերը չեն հասկանում անգամ, թե ինչպես կարող է նույն մարդը, ով ընդամենը օրեր առաջ պատրաստ էր երկրիներկայիս ղեկավարին հոշոտել, հիմա նոր իշխանությունների առջև ոչ միայն սիրահոժար խոնարհվում է, այլև կարող է կոլեկտիվի անդամներին ստիպել նոր առաջնորդի նկարը կրծքին խփած ներկայանալ այս կամ այն միջոցառմանը:
Նայում ես ու զարմացած արձանագրում, թե նույն սողացողներն ինչ վարպետությամբ են սողալով փորձում հիմա էլ նվաճել օրվա իշխանությունների համակրանքը և մասսայական միջոցառումների ժամանակ ամեն քայլափոխի փառաբանում երկրի նոր իշխանություններին: Աբսուրդն այն է, որ օրինակ դպրոցի ՀՀԿ–ական տնօրենը կարող է հրաման արձակել, որ այս կամ այն միջոցառման ժամանակ աշակերտները Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկ հագնեն ու նոր մասնակցեն միջոցառումներին: Իսկ փառքից ու ծափերից ուրախացած օրվա իշխանությունն էլ առանձնապես ուշադրություն չի դարձնում, թե ինչպես է այս կամ այն դպրոցի տնօրենը կաշին փոխում ու ստիպում, որ ողջ կոլեկտիվն ու մատաղ սերունդն էլ կաշի փոխելուն վարժվի: Օրվա պահանջին չհնազանդվողներն էլ, եթե նախկինում համարվում էին ՀՀԿ–ի թշնամի, հիմա համարվում են նոր իշխանությունների թշնամի: Եվ առանձնապես չեն էլ խորանում, որ երեկվա ու այսօրվա իշխանությունների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Կարևորը՝ խոնարհվելու և հավատարմության թեզը պաշտպանելու առիթ լինի: Մնացածը տեխնիկայի հարց է: Եվ սա համատարած է, հատկապես մարզերում:
Միանշանակ է, որ ո՛չ վարչապետ Փաշինյանը, ո՛չ էլ, առավել ևս, ԿԳ նախարար Ա. Հարությունյանը ոչ միայն նման կուլիսային հրաման չեն տվել, այլև դեմ են երեխաների հոգեբանությունն արատավորելու այդօրինակ դրսևորումներին, բայց դա ամենևին էլ չի խանգարում սողալուն սովոր մարդկանց շարունակել նույն ոգով սողալ դեպի նոր իշխանություն՝ անկախ նրանից, թե այդ ճանապարհին ինչեր են ոտնահարվում:
Հիմա հարց. ի՞նչ անել նման ստրկամիտներին հասկացնելու համար, որ չի կարելի երեխաներին ստիպել միջոցառման ժամանակ պարտադիր կերպով երկրի ղեկավարի նկարով շապիկ հագնել, չի կարելի քարոզել, թե ում սիրեն, ում՝ ոչ, չի կարելի երեխայի մեջ ստրուկի հոգեբանություն սերմանել, չի կարելի …, չի կարելի … Բայց ո՞ւմ ես ասում, միևնույն է, դրանք կան ու այնքան շատ են, որ մի օրենք էլ պետք է ընդունել նմանների քոքը կտրելու համար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



