Մասնավոր շահերին համաձայնեցված օրենքների հետևանքները. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանքերն ու հանքարդյունաբերությունը Երկիր մոլորակի բաց վերքերն են: Այս գնահատականը բոլորովին էլ չափազանցված կամ զգացմունքային չէ, քանի որ իրականում հանքերը այլախեղում, աղտոտում ու ոչնչացնում են այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Սակայն, ինչպես ցանկացած ծայրահեղության դեպքում, հասկանում ենք, որ հանքարդյունաբերությունը բազմաթիվ երկրների տնտեսության համար առանցքային ճյուղ է, հասկանում ենք նաև, որ պետությունները, գնալով հանքարդյունաբերության զարգացման ճանապարհով, որոշակի փոխզիջումային տարբերակներ են գտնում, օրինակ` բնության ոչնչացման դիմաց կարողանում են ապահովել քաղաքացիների սոցիալ– տնտեսական ավելի բարվոք պայմաններ:
Արդյոք այս իրողությունն ունե՞նք Ամուլսարի պարագայում, որտեղ արդեն շաբաթներ շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ` հանքի շահագործման դեմ, բնակիչները փողոցներ են փակել և այլն: Սովորույթի ուժով հրավիրվել է հակընդդեմ ակցիա, այս անգամ հանքի աշխատակիցների կողմից, միագույն արտահագուստով:
Ըստ էության, ներկայումս պարզ չէ, թե ինչպես կարելի է լուծել Ամուլսարի թնջուկը, պարզ չէ, որովհետև կառավարությունը, կարծես թե, չի ցանկանում կտրուկ կերպով միջամտել հարցին, ըստ էության, նպատակահարմար էլ չէ կտրուկ միջամտությունը: Սակայն այս ամբողջ պատմության մեջ ի հայտ են գալիս շատ ավելի խորքային խնդիրներ: Ամուլսարի շուրջ զարգացումների վերջին տասը տարվա համառոտ հետազոտությունից պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե այս կամ այն հանքն է կամ հանքարդյունաբերությունը, կամ նույնիսկ բնապահպանական խնդիրները, այլ այս ոլորտին վերաբերող օրենսդրական ամբողջ փաթեթը: Ավելին, որոշ դեպքերում` այդ թվում նաև Ամուլսարի պարագայում, ակնհայտ է դառնում, որ հաճախ ընդունվել կամ փոփոխվել են օրենքներ, որպեսզի վերջիններս հարմարեցվեն կոնկրետ ընկերության կամ ընկերությունների շահերի: Ի դեպ, նշենք, որ այս պրակտիկան համակարգային հիվանդություն է, ցանկացած այլ բնագավառում մենք կարող ենք հանդիպել այնպիսի ոլորտների, որտեղ նման փոփոխություններ են արվել անգամ մեկ անհատի շահերը պաշտպանելու համար: Սակայն վերադառնանք մեր հանքերին: Ըստ էության, Ամուլսարի խնդիրը նոր կառավարության համար յուրօրինակ փորձաքար է. թե ինչպես կառավարությունը դուրս կգա այս փորձությունից, այլ հարց է, շատ ավելի կարևոր է, թե կառավարությունը, գուցե նաև խորհրդարանը ինչ քայլերի կդիմեն և ինչ գաղափարներ շրջանառության մեջ կդնեն, որպեսզի առաջիկայում ոչ միայն բացառվեն Ամուլսարի խնդրի նման իրողությունները, այլև ներկայումս շահագործվող հանքերը նույնպես ենթարկվեն արմատական մոնիթորինգի և ստուգումների: Վերջիններս, ներքին համոզվածությամբ, պիտի որ բացահայտեն Հայաստանի ընդերքի ու ազգային հարստության աննախադեպ թալանի դրվագներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



